25/04/2015 16:05
ԱՄՆ-ը վաղուց ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Հարութ Սասունյան
ԱՄՆ-ից Հայաստան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը տպավորված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված միջոցառումներից: Եվ ինչպես ինքն է բնութագրում, ավելի քիչ բան էր սպասում։ Այսօր հրավիրված մամլո ասուլիսում նա նաև անդրադարձավ ԱՄՆ-ի դիրքորոշմանը և հայտարարեց, որ իր համար ոչ սպասելի էր, ոչ էլ անակնկալ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
«Երբ Օբաման չի արտասանում Ցեղասպանություն բառը, միանգամից բոլորը կարծում են, որ ԱՄՆ-ն մերժում է ճանաչել Ցեղասպանությունը, բայց դա սխալ է, որովհետև ԱՄՆ-ը վաղուց և բազմաթիվ անգամներ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 1951 թվականին ճանաչեց ԱՄՆ կառավարությունը, որից հետո 1981 թվականին՝ նախագահի մակարդակով այն ճանաչվեց։ Իմաստ չունի, որ նորից ԱՄՆ-ը Ցեղասպանությունը ճանաչի։ Եթե վաղն Օբաման արտաբերի ցեղասպանություն բառը, և երբ ԱՄՆ-ը նոր նախագահ ունենա, նո՞րից պետք է սպասել, որ նոր նախագահը այն ճանաչի»,- նկատեց նա:
Վերլուծաբանի կարծիքով՝ այստեղ թերացումը կրում է զուտ դիվանագիտական բնույթ: Նրա խոսքով՝ հայերն ունեն ամեն ինչ, այդ թվում՝ խելք, սակայն չունեն դիվանագիտություն: Թերթելով պատմության էջերը՝ նա նկատեց, որ ողջ պատմության ընթացքում չեն եղել փայլուն քաղաքական գաղափարներ, հետևաբար Հայաստանը քաղաքական առումով միշտ էլ կաղել է։ «Միշտ եղել ենք ուրիշի լծի տակ, որովհետև չենք կարողացել այնպիսի ճանապարհով ընթանալ, որ ժողովրդին տանենք առաջ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, նա մտահոգություն հայտնեց, որ հայկական միջավայրում անընդհատ խոսվում է միայն ճանաչման մասին, բայց ոչ՝ հատուցման։
«Իմ փափագն այն է, որ այդ 10 տոկոսը, որ խոսում է հատուցման մասին, լինի 90 տոկոս»,-հավելեց նա: