25/04/2015 10:26
«Յունիբանկի» վաճառքի գծով տնօրենը մեղադրվում է 70 մլն դրամ վնաս պատճառելու մեջ
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ստացվել «Յունիբանկ» ՓԲԸ «Ավան» մասնաճյուղի վաճառքի գծով տնօրեն Արմեն Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Արմեն Ավագյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2012թ. սեպտեմբերից հանդիսանալով «Յունիբանկ» ՓԲԸ-ի «Ավան» մասնաճյուղի գործադիր կառավարիչ, ապա 2014թ.նույն մասնաճյուղի վաճառքի գծով տնօրեն, նշված ժամանակահատվածում՝ տարբեր անձանց նկատմամբ ունեցած շուրջ 100.000 ԱՄՆ դոլար պարտքը մարելու պարտավորությունից դրդված, ի պաշտոնե հնարավորություն ունենալով առնչվել բանկի հաճախորդների բանկային գաղտնիք հանդիսացող տվյալների հետ, օգտվելով իր պաշտոնեական հնարավորություններից, խարդախությամբ առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու դիտավորությամբ տարբեր մարդականց անուններով պատրաստել է կեղծ վարկային փաստաթղթերի փաթեթ և խաբեության եղանակով հաստատել է վարկի տրամադրումը ու Երևան քաղաքի տարբեր բանկոմատների միջոցով կանխիկացրել բանկի կողմից տրամադրված վարկի գումարները, խաբեությամբ հափշտակել դրանք, «Յունիբանկ» ՓԲԸ -ին պատճառելով 70.058.000 ՀՀ դրամ գույքային վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 Հոդվածի 3 Մասի 1 Կետի (Խարդախությունը) հատկանիշներով: Որպես խափանման միջոց կիրառվել է գրավը: