27/04/2015 17:05
Beeline-ն ապահովել է բոլոր ծառայությունների անխափան աշխատանքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրերին
Անցած հանգստյան և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրերի ընթացքում Beeline ընկերության տեխնիկական համակարգերն աշխատել են անխափան:Այս մասին տեղեկանում ենք Beeline-ի մամուլի ծառայությունից:
Ընկերության կայքը, ֆիքսված, երկրորդ և երրորդ սերունդների բջջային ցանցերը, ինչպես նաև Beeline Armenia բջջային հավելվածը գործել են բնականոն ռեժիմով և հաղթահարել բարձր լարվածությունն ու կիբերհարձակումների թվի կտրուկ աճը:
«Հայ ազգի համար կարևոր այս օրերին ընկերության բոլոր ծառայությունների անխափան աշխատանքի ապահովումը մեր առաջնահերթություններից էր: Հպարտ եմ, որ Beeline-ի բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող աշխատակազմն արժանապատվությամբ լուծեց իր առջև դրված բոլոր խնդիրները, իսկ բջջային կապը, ինտերնետը, ընկերության պաշտոնական կայքն ու բջջային հավելվածը գործեցին անխափան՝ մեր բաժանորդներին ու մայրաքաղաքի հյուրերին ապահովելով Beeline-ի պարզ և հարմար ծառայություններով»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ կիբերհարձակումներին դիմակայելու նպատակով ընկերության տեղեկատվական ռեսուրսները նախապես և հուսալի կերպով պաշտպանվել են մասնագիտացված միջոցներով, այդ թվում` ծրագրային ապահովումով: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում բջջային կապի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ընկերությունը գործարկել է բջջային կապի լրացուցիչ շարժական բազային կայաններ: