27/04/2015 20:19
Ինտերնետի անցյալն ու ներկան. Կայացավ 19-րդ Ռուսաստանյան ինտերնետ Ֆորումը
Մերձմոսկովյան Գորկի 10-ում անցած շաբաթ տեղի ունեցավ 19-րդ Ռուսաստանյան ինտերնետ ֆորումը, որն արդեն իսկ անվանում են տարվա ինտերնետային կարևոր իրադարձություններից մեկը: Ֆորումի երեք օրերի ընթացքում այդ մեծ հարթակում անցկացվեցին բազմաթիվ սեկցիոն քննարկումներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ` նվիրված ինտերնետի անցյալին, ներկային ու ապագային: Ինչպես նաև առանձին տաղավարներով ռուսաստանյան առաջատար IT ընկերությունները ներկայացրեցին իրենց արտադրանքն ու առաջարկները:
Այս տարի Ֆորումը միավորել է 10 հազարից ավելի մասնակիցների, որոնց «Вконтакте»-ում գրառման միջոցով ողջունեց նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի Դաշնության վարչապետը, կարևորելով ինտերնետի զարգացումը, դրա կոնտեքստում կարևորեց նաև նման հարթակները, որոնք հնարավորություն են տալիս տաղանդավոր երիտասարդներին հանդիպել, քննարկել ու փորձ փոխանակել, ինչը նորանոր գաղափարների ծննդյան սկիզբն է խորհրդանշում:
Թեմատիկ քննարկումներից զատ ներկայացվեց ընդհանուր պատկերը, որ առկա ՌԴ-ում այս ոլորտում: Ըստ այդմ նշվեց, որ ճգնաժամի ֆոնին թեև ինտերնետ-ոլորտում ներդրումների ու գնումների ծավալը կրճատվել է, իսկ որոշ պայմանագրեր այդպես էլ տրամաբանական ավարտին չեն հասցվել և կասեցվել կամ սառեցվել են, բայց դրան զուգահեռ երկրում աճել է ինտերնետից օգտվողների թվաքանակը: Ընդ որում` ավելացել է հատկապես բջջային ինտերնետից օգտվողների թիվը և այս իմաստով առաջատարը մնում են 12-24 տարիքային խմբի օգտատերերը: Ավելին` քննարկումներից մեկի ժամանակ ներկայացվեց online տիրույթում անցկացված մի հետազոտություն, որը բացահայտեց, որ հարցվածների գերակշիռ մեծամասնությունը առավոտյան արթնանալիս առաջին հերթին մտնում են ինտերնետ և միայն 3 տոկոսն է, օրինակ, նախընտրում առաջին հերթին շանը տանել ման տալու:
Իր խոսքում «Ռուսաստանյան էլեկտրոնային կոմունիկացիաների ասոցիացիայի» (РАЭК) տնօրեն Սերգեյ Պլուգոտարենկոն օրինակ նշեց, որ 2014թ-ի ֆենոմենն այն է, որ ազգաբնակչության արդեն 50 տոկոսը օգտվում է բջջային ինտերնետից, դրան զուգահեռ շարունակում է աճել պետական ծառայություններից ինտերնետի միջոցով օգտվողների թիվը, կրթությունն է ավելի մեծ մասշտաբով ներգրավվում ինտերնետում, ինչը նաև կարելի է տեղավորել այն ճշմարտության մեջ, որ «թղթե օրագրերի քանակը գնալով նվազում է».
«Ինտերնետը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը ու թեև ճգնաժամն իր ազդեցությունը ունեցավ այս ոլորտի զարգացման դանդաղման վրա, բայց որոշ ցուցանիշներով թե անցած տարի, թե այս տարվա առաջին եռամսյակում արձանագրել ենք առաջընթաց»,- նշեց նա:
Խնդիրներից մեկը, որ առաջ քաշեց 2014թ-ը նաև այն է, ասաց Ս.Պլուգոտարենկոն, որ «անսպասելիորեն» պարզվեց, որ ինտերնետն էլ սահմաններ ունի: Դա հատկապես ուրվագծվեց Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, երբ հստակ երևաց, որ ինտերնետն ունի սահմաններ, եթե դա ինչ-որ մեկին անհրաժեշտ է.
«Մինչդեռ հստակ է, որ ինտերնետը չպետք է ունենա որևէ սահման, քանի որ դա սահմանափակում է օգտատերերի իրավունքները տարածքային հատկանիշներով»,- հավելեց բանախոսը:
Քննարկումներից մեկի ժամանակ ներկայացվեց, որ 2014թ-ին Ռուսաստանից ինտերնետի մուտք գործողները պահպանել են նախորդ տարվա դրական ցուցանիշը ` 7.4 տոկոս աճ տարվա ընթացքում: Այսպիսով ներկայումս «ռունետի» լսարանը կազմում է 73.8 մլն մարդ, ընդ որում շուրջ 61 միլիոնը ինտերնետ է մուտք գործում ամեն օր: Եվս մեկ դրական միտում` 2014թ-ին Ռուսաստանում աճ է արձանագրել Smart TV-ից օգտվողների թիվը. աճը կազմել է շուրջ 41 տոկոս:
Ռուսաստանյան խոշորագույն TNS Russia ընկերության ներկայացուցիչ Ռուսլան Տագիևը իր զեկույցը նվիրեց հենց այս թվային պատկերի ներկայացմանը: Եվս արձանագրելով, որ անցած տարին գնումների ու ներդրումների նվազման տարի էր ինտերնետ տիրույթում նա այդուհանդերձ նշեց, որ Ռուսաստանում արդեն 82 մլն բնակիչ օգտվում է ինտերնետից, չօգտվողների թիվը կազմում է 41 մլն: Դրանք հիմնականում կենսաթոշակառուներն են, ինչպես նաև փոքր քաղաքների բնակիչները: Ռ.Տագիևը ևս արձանագրեց բջջային ինտերնետից օգտվողների թվի ավելացումը. այսօր արդեն desktop-ային ինտերնետից և բջջային ինտերնետից օգտվողների թիվը գրեթե հավասարվել է` 86 և 80 տոկոս համապատասխանաբար: ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում այսօրվա դրությամբ միայն երկու միլիոնն է, որ չի օգտվում ինտերնետից:
2015թ-ը լավ անակնկալ է մատուցել նաև այն իմաստով, որ online-գնումները նվազում չեն արձանագրել ընդհանուր ճգնաժամային ֆոնին և պատկերն էլ այնքան էլ վատը չէ, եթե հաշվի առնենք այն իրավիճակը, որ առկա է ինտերնետ տիրույթից դուրս: Խոսելով այս մասին «Ростелеком»-ի փոխնախագահ Ալեքսեյ Բասովն ասաց, որ այս ցուցանիշները գալիս են ապացուցելու, որ գնալով թվային ճեղքվածքը նվազում է և 2018թ-ին հնարավոր կլինի ազգաբնակչության 90 տոկոսից ավելին ապահովել որակյալ ինտերնետ ծառայությունների հասանելիությամբ.
«Մենք այդ մասին հայտարարել ենք և գնում ենք դեպի դա»,- ընդգծեց նա:
Նշենք, որ ՌԻՖ-2015թ-ի գլխավոր հովանավորներից մեկն է «Ռոստելեկոմը», որը կազմակերպել էր հայ լրագրողների այցն ու մասնակցությունը Ֆորումի աշխատանքներին: