27/04/2015 18:30
1915 թվականին տեղի ունեցածը Գյուլը ևս ընդհանուր ցավ է համարել
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն արաբական թերթերից մեկին հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է նաև Հայկական հարցին: Թուրքական Posta թերթի փոխանցմամբ՝ Գյուլն իր խոսքում անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան հայտարարությանը, որում տեղ չէր գտել «ցեղասպանություն» եզրույթը:
«Այդ ժամանակ Օսմանյան կայսրության ներսում մուսուլմաններից բացի նաև հայ քաղաքացիներ են եղել: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նրանք ռուսների կողմից հրահրվել են, ինչն էլ հայերին Անատոլիայից «տեղափոխելու» որոշման առիթ է դարձել»,- ասել է նա, այնուհետև շարունակել, թե այդ տարիներին տեղի ունեցածը հայերի դեմ չի եղել միայն:
Նա նշել է նաև, թե այդ տարիներին էր, որ հայերը այդ շրջաններում զբաղեցրել են պետական բարձր պաշտոններ, աշխատել են արդարադատության մարմիններում, կառավարությունում, իսկ հայկական եկեղեցիները բաց են եղել:
Նա ընգծել է նաև, որ պատերազմի պայմաններով պայմանավորված՝ Օսմանյան կայսրությունում հայերը «տեղափոխության» հետևանքով շատ ցավերեն տեսել, սակայն նման ցավեր տեսել են նաև Թուրքիայում բնակվող այլ ազգերն ու թուրքերը: Նա ևս 1915 թվականին տեղի ունեցածը ընդհանուր ցավ է համարել
Խոսելով Հայաստանի հետ համատեղ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկի մասին՝ նշել է, թե Թուրքիան պատրաստ է ընդունել ցանկացած եզրակացություն: