27/04/2015 15:17
Դ. Ռեյնդերս. Բելգիան օգնում է լավ հարաբերություներ զարգացնել բոլոր հարևանների հետ, նաև՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ
Հայաստանի և Բելգիայի միջև նոր համաձայնագրեր պետք է կնքվեն՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Այս մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում այսօր հայտարարեց Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսը:
Պաշտոնյան մասնավորապես նշեց, որ Հայաստանն ու Բելգիան պետք է զարգացնեն համագործակցությունը ադամանդագործության, բժշկության, շինարարության ոլորտներում, ինչպես նաև աշխատեն փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ուղղությամբ և այս իմաստով աջակցություն ստանան նաև սփյուռքից:
«Ես հույս ունեմ, որ մայիսի վերջին Ռիգայում կայանալիք գագաթաժողովի ժամանակ յուրաքանչյուր մասնակից երկիր իր ներուժի ու արդեն իսկ ունեցած հաջողությունների հիման վրա կկարողանա ավելի առաջ գնալ: Պետք է տարբեր գործընկերների հետ աշխատել: Այն փաստը, որ ԵՄ հետ պայմանագիր ենք կնքել, դեռ չի նշանակում, որ չենք կարող ունենալ համաձայնագրեր հարևանների, օրինակ՝ ՌԴ-ի կամ ասիական այլ երկրների հետ: Ես այն կարծիքին եմ, որ պետք է միասին աշխատենք, որպեզի երկկողմանի համագործակցությունը կարողանանք առաջ տանել»,- ընդգծեց Դիդիե Ռեյնդերսը:
Անդրադառնալով վերջին օրերի կարևոր միջոցառումներին՝ Բելգիայի ԱԳ նախարարը հիշեցրեց, որ իր երկիրը առիթ ունեցել է իր ձայնը բարձրացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նաև դիմել է Թուրքիայի իշխանություններին, որպեսզի այս խնդրի վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես գան: Նա նաև ընդգծեց, որ Բելգիան ԵԽ շրջանակներում օգնում է լավ հարաբերություներ զարգացնել բոլոր հարևանների հետ, այդ թվում և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ.
«Պետք է անել ամեն ինչ դրական արդյունքի հասնելու համար»: