27/04/2015 14:38
Ե. Ազատյան. Թուրքիան հույսը դրել էր հայերի թափթփվածության վրա
Ռամկավար Ազատական կուսակցության ԱՄՆ և Կանադայի գրասենյակների ղեկավար կազմի անդամ Երվանդ Ազատյանի համար Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները կարևոր նշանակություն ունեցան, քանի որ վերականգնեցին իր հավատը հայ ժողովրդի համախմբվածության ու միասնականության նկատմամբ: Լրագրողների հետ հանդիպմանը Ե.Ազատյանը նկատեց, որ համախմբվածության առումով մենք շատ թափթփված ենք:
«Թուրքիան հենց այդ թափթփվածության վրա էր հույսը դրել ու երևի թե հույս ուներ, որ կտապալենք միջոցառումները, բայց ոգեկոչման միջոցառումները ցույց տվեցին հակառակը»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից սպասումներին, որոնք այս տարի ևս չարդարացան, քանի որ նախագահը «ցեղասպանություն» եզրույթը չարտաբերեց, բանախոսը նկատեց, որ Օբաման ԱՄՆ նախագահներից թերևս միակն է, որ համապարփակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին ու ընդամենը մեկ բառ չի ասում.
«Եթե Օբաման ասի Ցեղասպանություն, ապա դա ազդանշան կլինի, որպեսզի Իսրայելն ընդունի Հայոց Ցեղասպանությունը: Բացի դա՝ այն նաև իրավական հետևանքներ է ենթադրում՝ գործը կհասնի միջազգային իրավական դատարաններ, հայերը առաջ կքաշեն հատուցման խնդիրը և այլն: Չմոռանանք նաև, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան շատ խնդիրներ ունեն, այնպես որ Օբաման զերծ է մնում այդ բառը գործածելուց»,- կարծիք հայտնեց Ե. Ազատյանը:
Ինչ վերաբերում է այն ուշադրությանը, որ սևեռվված էր Հայաստանի վրա վերջին շաբաթների ընթացքում, բանախոսը նշեց, որ այդ ամենին, նաև նրան, որ 50 երկրների ներկայացուցիչներ ներկա գտնվեցին ոգեկոչման միջոցառումներին, հասել ենք երկարատև աշխատանքի ու լուրջ ջանքերի շնորհիվ: Եվ որ ամենակարևորն է՝ այս ամենի հետ մեկտեղ ի հայտ եկավ այն, որ քաղաքական գործիչների ու հասարակության մեջ նոր մտածողություն է ձևավորվել.
«Օրինակ, անցյալի մեր ամոթխած քաղաքականության դեպքում մենք Քարդաշյան քույրերին չէինք բերի Հայաստան կամ SOAD համերգ չէր լինի: Բայց հենց այս ամենի շնորհիվ մենք կարողացանք աշխարհի ուշադրությունը սևեռել հայկական հարցի վրա»,- շեշտեց նա՝ հավելելով, որ աշխարհի հետ սկսեցինք խոսել իրենց լեզվով: