27/04/2015 17:43
Ն. Զոհրաբյան. ԲՀԿ-ն նման մառազմով չի տառապում, եթե լավն է, ապա լավն է
Ազգային Ժողովի խմբակցությունների մեծամասնությունը կողմ է դատական համակարգի հաշտարարի ինստիտուտի ստեղծմանը, իսկ ոմանք անգամ նշում էին, թե այդ ինստիտուտի ստեղծումը նույնիսկ ուշացած է: Այդ կարծիքին է, մասնավորապես, ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ով իր ելույթում նշեց, որ միշտ չէ, որ պետք է իշխանության կողմից հեղինակած օրինագծերը քննադատորեն ընդունվեն:
«Սա իսկապես դրական առաջարկություն է»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ խոսեց հօգուտ օրինագծի՝ ընդգծելով դրա կարևորությունը դատաիրավական համակարգի բարեփոխման տեսանկյունից:
«Ներկայիս համակարգը համարվում է անարդյունավետ, քանզի չի ապահովում անհրաժեշտ վստահությունը հասարակության կողմից: Իսկ այսպիսով առաջարկվում է նոր մի մեխանիզմ, որն ունենալու է նաև միջազգային անհրաժեշտ փորձառությունը: Հաշտարարությունը միշտ էլ դրական է, եթե կարողանանք անհրաժեշտ կարգավորումներն ապահովել երկրում»,- հայտարարեց դաշնակցական պատգամավորը:
Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ ՀՅԴ-ն չի կարող դեմ լինել մի ինստիտուտի ձևավորմանը, որը կնպաստի երկրում համերաշխության մթնոլորտի և դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի կարող դեմ լինել այս օրինագծին միայն այն պատճառով, որ այն ներկայացվել իշխանությունների կողմից. եթե օրինագիծը լավն է, ապա լավն է:
«ԲՀԿ-ն նման մառազմով չի տառապում, ու մենք չենք դառնա այն կեղծ մտայնության զոհը, թե իշխանության այս կամ այն առաջարկը պաշտպանելով, հանկարծ մեր ընտրազանգվածը մեզ սխալ կհասկանա: Ինչը լավ է՝ պատրաստ ենք պաշտպանել»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:
Միևնույն ժամանակ պատգամավորն ասաց, որ որոշակի մտավախություններ ունի, մասնավորապես, որ դա կհանգեցնի հաշտարարական «ատկատների» մեխանիզմի ձևավորմանը: