27/04/2015 13:25
Լարիսա Ալավերդյան. Հայոց ցեղասպանությունը պետք չէ դիտարկել միայն անցյալի դիտանկյունից, սա ներկայի և ապագայի հարց է
Վերջապես մեր իշխանությունները կարողացան մի գործ գլուխ բերել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականություն» ՀԿ գործադիր նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը:
Նրա խոսքով՝ իր համար հատկապես ուրախալի է այն, որ Հայաստան այդ օրերին այցելության եկան ցեղասպանության հարցն ուսումնասիրող բազմաթիվ մասնագետներ՝ ցեղասպանագետներ, իրավաբաններ, պատմաբաններ, թեև մեր երկրում էլ կան այդ մասնագիտացումը ունեցող լավ մասնագետներ:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Հայաստանը Թուրքիայից ոչինչ չի պահանջում, Լարիսա Ալավերդյանը ասաց.
«Գուցե նա չի պահանջում, բայց ես պահանջում եմ, ի վերջո, Հայոց ցեղասպանությունը պետք չէ դիտարկել միայն անցյալի դիտանկյունից, սա ներկայի և ապագայի հարց է: Այժմ Հայաստանի նկատմամբ մի այլ կարգի ցեղասպանություն է իրականացնում՝ փակ պահելով հայ-թուրքական սահմանը և ինձ համար, գոնե, Ցեղասպանության ճանաչումը պետք է հանգեցնի սահմանի բացմանը, Թուրքիան պետք է ապահովի ելք դեպի ծով և գոնե վերադարձնի քրիստոնեական եկեղեցիների գույքը»,- ասաց Լ. Ալավերդյանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառը կրկին չարտասանելու մասին Լ. Ալավերդյանը ասաց, որ նա իրեն չի պահում գերտերության առաջնորդի նման:
Նա կարևորեց այն, որ հայկական և միջազգային հանրությունը մշտապես խոսում է նաև Դարֆուրում և Ուգանդայում եղած ցեղասպանությունների մասին, սակայն ասաց, որ իրեն շփոթեցնում է այն, որ հայկական գիտական շրջանակներում չեն խոսում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության մասին:
«Գուցե հայ գիտնականները կամ մասնագետներն ուղղակի նույնացնում են Ադրբեջան և Թուրքիա պետությունները, սակայն նրանք պետք է հասկանան, որ Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից՝ հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիային չպատկանող տարածքներում իրականացելու համար»,- ասաց նա: