27/04/2015 14:49
Քաղաքագետ. Հայաստանն է դարձել հայկական հարցի կրողը և քաղաքական գործոն դարձնողը
Պահանջատիրությունն այսուհետ դրված է մեր քաղաքականության հիմքում, և Թուրքիայից պահանջում ենք անվտանգություն և փոխհատուցում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ ապրիլի 24-ին «ստարտը» տրվեց:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցում այլ գերտերությունների որդեգրած քաղաքականությանը, ապա քաղաքագետն ասաց, որ, օրինակ, Գերմանիայի և Ավստրիայի դեպքում այս հարցը բարոյական և քաղաքական է:
«Թե՛ Գերմանիան, թե՛ Ֆրանսիան և թե՛ եվրոպական հիմնական հատվածը Ցեղասպանության հարցով մեկ խնդիր են լուծում՝ արգելք դնել Թուրքիայի հարցում Եվրամիությանը անդամակցելու համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ թե՛ Ֆրանսիան, թե՛ Գերմանիան հասկանում են՝ Թուրքիային ԵՄ-ում ցանկանում են տեսնել Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն՝ որպես հակակշիռ հենց Ֆրանսիայի և Գերմանիայի:
«Աայսուհետ Հայաստանն է դարձել հայկական հարցի կրողը և քաղաքական գործոն դարձնողը»,- ընդգծեց քաղաքագետը:
«Թուրքիայի և մի շարք երկրների միջև ստեղծված խնդիրներն առնվազն միլիարդավոր դոլարների վնասներ են հասցնելու Թուրքիայի տնտեսության համար: Ցեղասպանության խնդիրը դեռ քաղաքական հարության վրա է, իրավական հարթության վրա չէ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ քաղաքական հարթությունում ստեղծված են Թուրքայի ակտիվությունը սահմանափակելու նախադրյալներ:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Հ. Մելիք-Շահնազարյանն ասաց, որ Ցեղասպանության հարցում Օբամայի քաղաքականությունն, ըստ էության, ևս մեկ պատնեշ առաջացրեց Օբամա -ԱՄՆ հասարակություն հարաբերություններում:
«Որևէ մեկի համար հաճելի չէ, երբ հետևողականորեն հիշեցնում են, որ նա սուտասան է, խոստացել է և չի գնացել Ցեղասպանության ճանաչման»,- ասաց՝ եզրափակելով խոսքը, որ սա Օբամայի անձնական հեղինակության համար ուժեղ հարված է: