27/04/2015 18:57
Մարուքյան. Անընդունելի է, որ հասարակության մեջ բանակում ծառայողների կամ չծառայողների շերտեր առաջանան
Վերջին շրջանում թշնամու կրակոցներից տասնյակ զոհեր ենք ունեցել սահմանում, ու սոցցաներում քննարկվում էր, որ մահացածներից ոչ մեկը նույնիսկ միջին կարգի ապրող ընտանիք երեխա չէ, այլ՝ ծայրահեղ ապրող ընտանիքի երեխա: Քիչ առաջ այդ մասին ԱԺ-ում՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ավելացնելով.
«Այստեղ տեղին է «հայրենիքն աղքատինն է միայն պատերազմի ժամանակ» ասացվածքը: Անընդունելի է, որ հասարակության մեջ բանակում ծառայողների կամ չծառայողների շերտեր առաջանան»,- ասաց նա:
Է.Մարուքյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.
«Այո, կան խնդիրներ, բայց պետք չէ միայն սև գույներով ներկայացնել ամեն ինչ»,- ասաց նա: Այնուհետ ավելացրեց, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՊՆ-ի ջանքերով արձանագրվել է առաջընթաց, և խնդիրներով հանդերձ էլ՝ պետք է նաև ներկայացնել արձանագրված առաջընթացը.
«Չի կարելի կեղծել իրական պատկերը»,- հավելեց Է.Շարմազանովը: