27/04/2015 16:48
Թուրքագետ. 100-րդ տարելիցի միջոցառումներից հետո էլ կրակը չի մարի
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն այն կարծիքին է, որ մինչև ռուս-ամերիկյան տանդեմում հարցերը չկարգավորվեն, Հայկական հարցը վերջնական լուծում չի ստանա: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում, ամփոփելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, նա նկատեց, որ այդ միջոցառումներն աննախադեպ էին թե՛ բնույթով և թե՛ բովանդակությամբ, բայց խնդիրը առավել քան կարևոր ու քաղաքական է:
Նրա համոզմամբ՝ խնդիրը վերաբերում է ոչ միայն հայերին ու թուրքերին, այլև՝ գերտերություններին: «Կազմակերպված բոլոր միջոցառումներն աննախադեպ էին, որոնք բոլորն էլ անակնկալ էին Թուրքիայի իշխանությունների համար: Այն, ինչ տեղի ունեցավ, անցանկալի արդյունք էր հատկապես Թուրքիայի գործող և նորընտիր իշխանությունների համար, ինչը և սպասելի էր»,- ասաց նա:
Ըստ թուրքագետի՝ ուշագրավ ու աննախադեպ էր նաև Հայոց ցեղապանության լուսաբանումը ոչ միայն միաջզագային, այլև թուրքական մամուլում, որտեղ ոչ բոլոր թերթերն էին արտահայտվում թուրքական իշխանության տեսակետները: Մ. Խուդավերդյանը նկատեց, որ խոսքն այստեղ մասնավորապես գնում է թուրքական իշխանության քիմիքին ոչ հարիր՝ «Զաման» թերթի մասին, որը ղեկավարում է Թուրքիայի նախագահ Ռ. Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդ Ֆեթուլահ Գյուլենը:
«Վերջին մեկ տարվա ընթացքում այդ թերթը Հայոց ցեղասպանության թեման լուսաբանել է բավականին օբյեկտիվ: Թուրքական կողմի ժխտողականությանը զուգահեռ հավասար լուսաբանվել են նաև հայկական կողմի պնդումներն այն մասին, որին միացել են նաև թուրքական այլ թերթեր ևս: Իսկ «Հուրիյեթը» իր ապրիլքսանչորսյան համարում հայերեն տառերով գրել էր. «Այլևս երբեք»: Հայոց ցեղասպանությանը բավականին օբյեկտիվ է անդրադարձել նաև թուրքական Յենիշաբահ թերթը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս ամենը խոսում է այն մասին, որ ներկայում Թուրքիայում ազգային զարթոնք է տեղի ունենում, և դա փաստում է այն, որ այսօր պաշտոնական Թուրքիան պարտավոր է ոչ միայն առերեսվել սեփական պատմության հետ և ներողություն խներդել հայերից, այլև սեփական ժողովրդից, որին այս տարիների ընթացքում միայն խաբել է:
«Թուրքիայի մի շարք ազգեր ինքնորոշվում են և բարձրաձայնում ազգային ինքության մասին, այդ թվում ՝ հայերը: Սա խոսում է այն մասին, որ 100-րդ տարելիցի միջոցառումներից հետո էլ այդ կրակը չի մարի: Թուրքիայում գնալով մարում է ոչ միայն ժխտողականության քաղաքականությունը, այլև սպառել է համատեղ պատմաբաններ ստեղծելու թուրքական կողմից առաջարկը: Այդ թեզին այլևս ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Այն ոչ միայն չի ընդունվում, այլ ընկալվում է որպես թակարդ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին»,- ասաց նա:
Ըստ թուրքագետի՝ Հռոմի պապի կողմից Ցեղասպանություն եզրույթն արտաբերելն իրականում շատ բան փոխեց, ինչն աննախադեպ էր ողջ պատմության մեջ: Նա կարևորեց նաև մի շարք երկրների կողմից հնչեցված գնահատականները, որոնք եռման ջրի պես թափվեցին Թուրքիայի գլխին:
Նրա խոսքով՝ ողջունելի էր հատկապես Բոլիվիայի, Չեխիայի և Ավստրիայի կողմից Ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը, որով պարզ դարձավ, որ թուրքական իշխանությունների համար հարցը իսկապես լրջագույն խնդիր է:
«ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ ներկա դրությամբ խնդիրներ ունեն Թուրքիայի հետ: Եվ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը համընկավ հենց այդ ժամանակահատվածի հետ, ինչն էլ նպաստեց, որպեսզի մի շարք երկրներ ընդունեն ու ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ մի շարք երկրներ իրականում շահարկում են այդ թեման»,- եզրափակեց նա: