27/04/2015 15:59
Հ. Նաղդալյան. Թուրք պատվիրակներից միայն մեկը կանգնեց ու հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ԵԽԽՎ կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության տեքստի ընդունումը շատ կարևոր էր, ինչպես նաև աննախադեպ՝ 200-ից ավելի ստորագրություն է դրվել այդ հայտարարության տեքստի տակ, մինչդեռ ԵԽԽՎ-ում ինչ-որ փաստաթղթի տակ 170-ից ավելի ստորագրությունը արդեն բացառիկ դեպք է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ ամփոփելով անցած շաբաթ Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ լիագումար նիստի աշխատանքները և հայկական պատվիրակության գործունեությունը:
«Պատվիրակության բոլոր անդամները շատ ակտիվ գործունեություն էին ծավալել, ամենքն իր քաղաքական խմբում ու այն պատվիրակների հետ, որոնց հետ ավելի սերտ հարաբերություններ ունեն, փորձել են անել ամենը, որպեսզի խնդիրը նրանց ուշադրությանն արժանանա: Մեր պատվիրակության անդամները միասնական էին և մեծ դեր են կատարել աշխատանքների կազմակերպման համար»,- հայտարարեց Հ. Նաղդալյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ իր ելույթի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար, հայկական պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանն առաջարկել է ոտքի կանգնել և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և բոլորը հենց այդպես էլ վարվել են՝ բացի թուրք մի քանի պատվիրակներից: Հ. Նաղդալյանն ասաց, որ թուրք պատվիրակներից միայն մեկն է կանգնել ու հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, սակայն դրանից հետո տեղեկություններ ստացան, որ թուրքական պատվիրակության կողմից մեծ ճնշումներ են եղել նրա նկատմամբ.
«Հենց սա է խոսում Թուրքիայի ժողովրդավար բնույթի մասին»,- ասաց հայկական պատվիրակության ղեկավարը: