27/04/2015 13:50
Մեդիափորձագետ. 100-ամյակի միջոցառումներին մեր կայքերի պաշտպանությունը ուժեղ էր, հայ հաքերները՝ ակտիվ
Այս տարի, նախորդ տարիների համեմատ, համացանցն համեմատաբար ավելի հանգիստ է եղել: Հայկական կայքերը ավելի քիչ են հարձակման ենթարկվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Ավելի ուժեղ հարձակումների էինք ակնկալում, բայց ի զարմանս մեզ, այդպես չեղավ: Մենք ավելին էինք սպասում: Կիբերպատերազմի ոլորտում ինձ համար հաղթանակն այն է, որ մենք լավ պատրաստված ու պաշտպանված էինք: Դա շատ ավելի լուրջ հաղթանակ է, քան հակառակորդի վրա հարձակում գործելը: Գուցե սա էր պատճառը, որ այս տարի թվով անհամեմատ ավելի քիչ են կիբերհարձակումներ եղել»,- ասաց նա՝ նշելով, որ այս օրերին հայ հաքերներն ավելի ակտիվ են եղել, քան՝ թուրքերն ու ադրբեջանցիները:
Ամփոփելով ապրիլի 22-24-ն ընկած ժամանակահատվածը՝ մեդիափորձագետն ընդգծեց, որ այդ օրերին թուրքերն ու ադրբեջանցիները խոշոր, միասնական ակցիա էին նախաձեռնել, սակայն դա տապալվեց աննկատ: «Այդ ընթացքում մոտ 250 մանր-մունր օտարամոլ կայքեր են կոտրվել, որտեղ տեղադրվել է հաղորդագրություն, թե հայերը ստում են»,- ասաց նա՝ հավելելով, այդ օրը կոտրվել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական կայքը՝ Armgenocide100.org-ը, սակայն տեխնիկական թերությունների շտկումից հետո այն կարճ ժամանակահատվածում վերականգնվել է: «Դա թերևս այդ օրերի միակ լուրջ հարձակումը կարելի է համարել»,-ասաց նա:
Թուրքերի փոխարեն, սակայն, ակտիվ են եղել ադրբեջանական հաքերները, ովքեր փորձել են հարձակումներ կատարել հիմնականում լրատվական կայքերի վրա: Ս. Մարտիրոսյանը այդ հարձակումները ևս անհաջող համարեց, քանի որ հայերն իսկապես լավ պաշտպանված են եղել:
«Այն կայքերը, որոնք կոտրվել են կամ հարձակման ենթարկվել, դրանք հիմնակնում այդքան էլ հայտնի չեն: Թուրք հաքերները հայտարարեցին, թե այս ընթացքում կոտրվել են մի քանի լուրջ կայքեր, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության և ՀՀ ԱԳ նախարարության կայքերը, սակայն դա իրականությանը չի համապատասխանբում»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ այդ կայքերի հետ կապված չեն եղել խնդիրներ:
Մեդիափորձագետը նկատեց նաև, որ հաքերային պատերազմներում PR կոչվածը մեծ դեր է խաղում, ուստի այս օրերին թուրքական ու ադրբեջանական հաքերները կեղծ հայտարարություններ են անում:
նչ վերաբերում է հայերին, նա նշեց, որ հայկական կողմը եղել է բավականին ակտիվ ու ագրեսիվ, որի արդյունքում կոտրվել են մի շարք թուրքական կայքեր, որոնց թիվը մոտավորապես հասնում է 1000-ի:
«Հայերը կոտրել են մի կայք, որը ստեղծվել էր հատուկ թուրքական քարոզչություն իրականացնելու համար: Հապճեպ ստեղծված այդ կայքը՝ ժխտողական քարոզչություն էր իրականացնում»,- եզրափակեց նա: