27/04/2015 11:14
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում 11 քաղաքացի հոսպիտալացվել է
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում՝ ապրիլի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, բժշկական օգնություն ստանալու նպատակով հերթապահություն իրականացնող շտապօգնության ծառայությանը դիմել է 110 քաղաքացի, որից 11-ը հոսպիտալացվել է և բուժօգնություն ստացել ստացիոնար պայմաններում: Ծանր դեպքեր չեն գրանցվել: Այս մասին հայտնում են Առողջապահության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աղբյուրը նշում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում առաջնային, շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումն արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել էր համակարգող խորհուրդ։
Ապրիլի 23-ին, 24-ին և 25-ին ուժեղացված ռեժիմով աշխատել են պոլիկլինիկական ծառայությունը և մայրաքաղաքի բոլոր հիվանդանոցները:
Բացի այդ, նշված օրերին հերթապահություններ են սահմանվել ՀՀ առողջապահության նախարարությունում: Ծանրաբեռնված է եղել նաև ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայության աշխատանքը, որը համակարգել է նաև բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները: