28/04/2015 19:03
Դատարանը կորոշի, թե Աղաբաբյանի մոտ ստուգումները անհարկի՞ են, թե ոչ. Գալուստ Սահակյան
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համոզված է, որ տարեվերջում Հայաստանը տնտեսական աճ կունենա: Իսկ թե ինչով է դա պայմանավորված, ԱԺ նախագահը նախընտրում է այդ մասին առայժմ չխոսել:
Այսօր ԱԺ-ում լրագրողներ հետ զրույցում վերջինս, անդրադառնալով Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարք Հորթընի հայտարարությանը, թե Հայաստանն այս տարի կունենա 0 % տնտեսական աճ և պատասխանելով հարցին՝ տնտեսական անկումը հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառ դառնա, ինչպես նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեպքում էր, Գալուստ Սահակյանը նախ նկատեց, որ խոսքը տարբեր ժամանակաշրջանների մասին է գնում, այնուհետև հավելեց.
«Այսօրվա գործիքները ուրիշ են, և այլ գործիքներ են անհրաժեշտ կիրառել, և կառավարությունը փորձում է դրանք կիրառել»:
Ինչ վերաբերում է որոշ գործարարների մոտ հարկային ստուգումներին, մասնավորապես՝ Աշոտ Աղաբաբյանի հայտարարությանը, թե անհարկի ստուգումների պատճառով ինքը սնանկացման եզրին է, ԱԺ նախագահը կարճ պատասխանեց. «Դատարանը կորոշի՝ անհարկի՞ են, թե ոչ»:
Ի դեպ՝ Գալուստ Սահակյանն էլ իր հերթին կարծիք հայտնեց, թե ԱԺ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ստվերում է գործում: Լրագրողներից մեկի հարցին, թե ԱԺ նախագահին պատկանող ընկերություններում էլ արդյոք հարկային ստուգումներ անցկացվելո՞ւ են, Սահակյանը պատասխանեց. «Այն, ինչի մասին խոսում եք, վաղը ձեզանից եմ պահանջում, նվիրում եմ ձեզ»։