28/04/2015 19:42
Կառավարման ճգնաժամ` հարևան Վրաստանում
Վերջին տարիներին հարևան Վրաստանը լուրջ փոփոխությունների է ենթարկվել թե՛ ներքաղաքական և թե՛ արտաքին զարգացումների տեսանկյունից: Սաակաշվիլիի կառավարման ժամանակաշրջանին հաջորդած Իվանիշվիլիի՝ որպես վարչապետի, քաղաքական մեկամյա գործունեության ընթացքում վրաց հասարակությունը՝ հույսով և հավատով լցված սպասում էր, որ սեղմ ժամկետներում Վրաստանը դառնալու էր զարգացած և բարգավաճ երկիր, և որ յուրաքանչյուր քաղաքացի ապրելու էր բարեկեցիկ և անվտանգ կյանքով:
Ժողովրդի «ձեռքով» իշխանափոխված Վրաստանը, սակայն, մինչ օրս դեռ չի հասել նշված մակարդակի և հեռու է «վրացիների երազանքի երկիր» կոչվելուց: Եվ խնդիրը միայն սոցիալ-տնտեսական անցանկալի իրավիճակին չի վերաբերում, այլ կապված է նաև այդ երկրում տիրող ներքին և արտաքին անվտանգության ոլորտների զարգացվածության ոչ բավարար մակարդակի հետ, ինչն իր հերթին պայմանավորված է պետական կառավարման համակարգում առկա խնդիրների հետ:
Անցած մի քանի տարիների ընթացքում Վրաստանի ներքաղաքական կյանքը, կարծես, գլխիվայր շրջվեց, իշխանությունը վերածվեց ընդդիմության, իսկ ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժեր դարձան իշխանական: Գլխավոր փոփոխությունը պետության նախագահական կառավարման մոդելից խորհրդարանականին անցնելն էր: Պետական կառավարման բոլոր ոլորտներում լուրջ փոփոխություններ իրականացվեցին՝ ինչպես կադրային, այնպես էլ՝ ծրագրային: Ձևավորվեց նոր խորհրդարան, նոր կառավարություն, ընտրությունների միջոցով երկիրը ունեցավ նոր նախագահ:
Թվում էր, թե ներքաղաքական կյանքում տիրող լարված մթնոլորտն աստիճանաբար թուլանում էր, բայց նոր իրավիճակն իր հետ բերեց նոր մարտահրավերներ: Բ. Իվանիշվիլիի քաղաքական ասպարեզից հեռանալու որոշումը և նոր վարչապետի պաշտոնում երիտասարդ Ի.Ղարիբաշվիլիի նշանակումը տարակուսանք արաջացրեց հանրության շրջանում: Վերջինիս ղելկավարած կառավարությունը մի շարք բարեփոխումներ նախաձեռնեց՝ փորձելով իրականացնել դեռևս 2012թ.-ի խորդրդարանական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում Բ.Իվանիշվիլիի՝ ժողովրդին տված խոստումները: Նշված իրադարձությունների հետ մեկտեղ, սակայն, հասարակության հիասթափությունը ավելի էր մեծանում: Նշանակվելուց մի քանի ամիս անց իրավիճակը շտկելու նպատակով Ղարիբաշվիլին փոփոխեց կառավարության կազմը. պաշտոնանկ արվեց մի քանի նախարար: Եվս կարճ ժամանակ անց պաշտոններից հեռացվեցին կամ հրաժարականներ ներկայացրեցին Գործադիր մարմնի ևս 4 անդամներ, ինչն արդեն պայմանավորված էր իշխող «Վրացական երազանք» կոզլիցիայի մաս կազմող քաղաքական ուժերի՝ միմյանց հետ ունեցած գաղափարական և սկզբունքային անհամաձայնությամբ:
Այդ ողջ ժամանակահատվածում պարտաճանաչորեն և կազմակերպված ձևով իր գործն էր անում խորհրդարանական ընդդիմությունը, որն ակտիվորեն քննադատում էր իշխանությունների գրեթե բոլոր քայլերը՝ էլ ավելի դժվարացնելով վերջինիս կողմից որդեգրած ներքին և արտաքին քաղաքական գործունեության քայլարշավը: Մեկ այլ լուրջ հարված Վրաստանի կառավարությանը սպասվում էր գործող նախագահ Գ. Մարգվելաշվիլիի՝ վերջինիս նկատմամբ քննադատական դիրքերից հանդես գալու տեսանկյունից: Այս առումով, հաստատապես կարելի է փաստել, որ ի սկզբանե մեկ քաղաքական դաշինքի շրջանակներում իշխանության եկած Մարգվելաշվիլին և Ղարիբաշվիլին ներկայում դարձել են քաղաքական թշնամիներ, ինչն, իր բացասական և դրական նրբություններով, անխոս, հետաքրքիր երևույթ է՝ քաղաքական մշակույթի տեսակների տեսանկյունից, ոչ միայն Վրաստանի, այլ նաև՝ շատ, շատ երկրների համար:
2012թ.-ի իշխանափոխությունից հետո Վրաստանն իր արտաքին քաղաքական հիմնական կուրսը չփոխեց՝ վերահաստատելով եվրոպոկան և եվրաատլանտյան կառույցներին անդամագրվելու ձգտումներին հավատարիմ մնալու իր անշեղությունը, նույն ժամանակ ջանքեր գործադրելով հարևան Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ցանկության իրացման ուղղությամբ: ԵՄ-ի հետ ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը՝ Վրաստանը մի քանի տարի ստիպված կլինի անցնել նոր պայմաններին և իրավիճակին ադապտացվելու դժվարին ճանապարհով: ՆԱՏՕ-ին անդամակցության ուղղությամբ չեն իրականացվել վրաց հասարակության ակնկալիքները: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը դեռ զգուշանում է բավարարել վրացական իշխանությունների սպասելիքները:
Ներկա շրջափուլում Վրաստանը լուրջ խմնդիրներ ունի՝ կապված Վրաստանում Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության մեծացման և հատկապես թուրք-ադրբեջանական առևտրա-էներգետիկ կախվածությունը նվազեցնելու հետ: Այդ ուղղությամբ, որպես հիմնական լուծում, կարող է դիտվել Թբիլիսի-Մոսկվա երկխոսության հնարավոր առավել բարձր մակարդակի հասցնելու հանգամանքը: Նշվածն իրականություն կարող է դառնալ այնքանով, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև քաղաքական և դիվանադիտական հակասություններին զուգահեռ կողմերին հաջողվել է առևտևրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ անցած երկու տարիների ընթացքում նկատելի առաջընթաց գրանցել, ինչն անշուշտ, լավ նախապայման է հետագայում ավելի նշանակալի փոխադարձ և փոխզիջումային քայլերի իրականացման համար:
Արտաքին գործոններով պայմանավորված՝ Կառավարությունը ջանքեր է գործադրում իրավիճակը շտկելու, խնդիրները կարգավորելու ուղղությամբ, սակայն մարդկանց կենսամակարդակի բարելավման տեսանկյունից դեռևս հաջողություններ չեն գրանցվում:
Սոցիալ-տնտեսական անբարենպաստ վիճակը, տնտեսության զարգացման դանդաղեցումը, անվտանգության ոլորտի հարցերը, ֆինանսական շուկայում առկա խնդիրները Վրաստանի կառավարությանը ստիպում են նոր ելքեր գտնել՝ դրական փոփոխություններ արձանագրելու ուղղությամբ: Վրաստանի քաղաքացիները, սակայն, ականատես են լինում ապրանքային, վառելիքաէներգետիկ շուկայում գների շարունակ բարձրացմանը, ինչը վարձատրության պահպանվող չափի պայմաններում, անշուշտ զգալի վնաս է հասցնում հատկապես շարքային քաղաքացիների ընտանեկան բյուջեին: Դա իր հերթին նպաստում է աշխատատեղերի կրճատմանը, աղքատության մակարդակի բարձրացմանը, արտագաղթին, ինչն իր հերթին թեժացնում է անվստահության մթնոլորտը՝ ուղղված երկրի իշխանություններին և մասնավորապես՝ գործող Կառավարությանը:
Անցած տարիները ցույց տվեցին, որ Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, դրան հաջորդած մի քանի անգամ վարչապետերի և կառավարության կազմերի փոփոխությունը նկատելի առաջընթաց չապահովեց այդ երկրի տնտեսական և սոցիալական զարգացման համար: Ուստի կարող ենք փաստել, որ քանի այդ պետությունը գտնվում է արտաքին խաղացողների քաղաքական և տնտեսական կախվածության մեջ, իսկ պետության ներսում տիրում է լարված և փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտ հաստատված իրավիճակը դեռ երկար կմնա գործող իշխանությունների և հասարակության համար հիմնական գլխացավանք:
Հ.Գ. Ի դեպ այսօր հրաժարական է ներկայացրել Վրաստանի բնապահպանության նախարարը: