28/04/2015 18:25
Անգամ Կրթության և գիտության նախարարն է ռուսերեն խոսում. Արամ Մանուկյան
ԱԺ-ում այսօր հայտարարությունների ժամին գրեթե բոլոր պատգամավորները խոսեցին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից ու աշխարհի արձագանքից, իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մտահոգությունների հայտնեց մայրենի լեզվի վերաբերյալ:
Նա խոսեց մայրենի լեզվի աղավաղումներից, որոնք հատկապես թույլ են տալիս պաշտոնյաները։ Նա հայտարարեց, որ պաշտոնյաների մեծ մասն այսօր խոսում է ռուսերենով, ինչն, ըստ նրա, արժանապատիվ կեցվածք չէ:
«Քանի անգամ եմ ասել, որ վերացրեք այստեղ «իչ»-ով դիմելաձևը: Սա մոնղոլական ավանդույթ է: Հայկական ազգանուններն այնքան մեծ ինֆորմացիա են պարունակում, որ պետք չէ դրանք աղավաղել»,- նկատեց պատգամավորը:
Շարունակելով խոսքը՝ պատգամավորն անդրադարձավ նաև հեռուստաեթերին, ինչն, ըստ նրա, վերածվել է աղբանոցի:
«Հեռուստացույց նայելիս ֆիզիկական ցավ եմ զգում: Այն հեռուստախաղը` «Ինչ, որտեղ, երբ», ինչո՞ւ է ռուսերեն: Սա օրենքի խախտում է: Ինչ խաղ ուզում եք խաղացեք, ինչ լեզվով ուզում եք, սակայն եթեր մի տվեք: Անգամ Կրթության և գիտության նախարարն է ռուսերեն խոսում այդ խաղի ընթացքում: Լեզուն քո արժանապատվության խնդիրն է, եթե այստեղ չեք պահպանելու, ապա որտե՞ղ եք այն պահպանելու»,- ասաց նա: