28/04/2015 13:34
ՍԴՀԿ-ն և Դեմկուսը միասնական հանրահավաք են նախաձեռնում
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մայիսի 1-ին՝ Աշխատանքի ու աշխատավորների միջազգային օրը համատեղ հանրահավաք կանցկացնեն, որը մեկնարկը կտրվի Շառլ Ազնավուրի հրապարակից, ժամը 18-ին: Քաղաքական ուժերը իշխանություններից պահանջելու են՝ հարգել ՀՀ քաղաքացու իրավունքները՝ ապահովելով նրա բարեկեցիկ կյանքը։
«Եվ այս հրապարակային գործունեությունը կլինի շարունակական»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում այս մասին հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը՝ նկատելով, որ այսօր Հայաստանում քաղաքական ու հասարակական դոմինանտը ոչ թե հասարակ աշխատավոր ժողովուրդն է, այլ՝ օլիգարխիան։
«Սա ողբերգություն է։ Եթե մենք տեսնում ենք, թե մեր երկրի հարստությունը քանի ընտանիքի ձեռքում է, իսկ աղքատությունը ինչ խայտառակ ցուցանիշների է հասնում, ապա այստեղ ձախ քաղաքական ուղղվածության կուսակցությունները հսկայական անելիք ունեն։ Սա ցույց է տալիս, որ այս համակարգը կենսունակ չէ, ու ծառայում է հարուստին ավելի հարստացնելու ու աղքատին ավելի աղքատացնելու նպատակին»,- հավելեց նա՝ շարունակելով, որ այս նախաձեռնության հեղինակների ցանկությունն է ցանկացած քաղաքացու ներկայացնել այդ քաղաքական ուժերի գաղափարները:
Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանն էլ իր խոսքում նկատեց, որ վերջին շրջանում քաղաքական դաշտը ինքնամաքրվում է «Վերջապես, այսպես կոչված, փրկիչները հեռանում են դաշտից: Իհարկե, վերափոխումը հեշտ գործ չէ, բայց պետք է փորձենք: Մենք քաղաքական կուսակցություններ ենք ու քաղաքական պայքար ենք մղելու»,- ասաց նա՝ հավելելով, որ մայիսի 1-ը խորհրդանշական է, քանի որ այդ օրը աշխատավորների միջոազգային օրն է:
«Մենք ուզում ենք այս պահին պարտադրել իշխանությանը անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որովհետև արյունաքամ ենք լինում։ Մենք հանրահավաքին անուններ կտանք ու կասենք, թե ինչի համար են նրանք պատասխանու և ինչ չեն անում նրանք։ Ապրիլի 24-ին մենք համոզվեցինք, որ իշխանությունը բարձր մակարդակով կարող է իրականացնել այս կամ այն միջոցառումը, բայց ինչո՞ւ չի կարող նման կերպ լուծվել մեր ներքին խնդիրները: ՀՀ-ում գործող համակարգը պետք է փոխվի արմատապես»,- ասաց Ա. Սարգսյանը։
Լրագրողի հարցը՝ արդյոք այդ քայլով չեն պատրաստվո՞ւմ 2017 թվականին կայանալիք ընտրություններին, բնականաբար կուսակցության ղեկավարները հերքեցին:
ՍԴՀԿ ատենապետ Ն. Գալստյանը նշեց, թե ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, իսկ իրենք հասկանում են, որ ճիշտ չէ այսքան վաղ նման գործունեությամբ զբաղվելը։ Իսկ Արամ Սարգսյանը հավելեց, որ այդ մասին ինքն ավելի վաղ հայտարարություն է արել:
«Բայց մենք բաց ենք համագործակցության համար, հատկապես նրանց հետ, ովքեր կիսում են մեր գաղափարները։ Ինչ վերաբերում է Դեմկուսին, ապա համագործակցությունը նոր չէ և միշտ էլ պարբերական շփումները եղել են»,- ասաց Նարեկ Գալստյանը: