28/04/2015 16:50
«Դասական երաժշտության մեգաաստղերի միջոցով ամբողջ աշխարհին լսելի պետք է դարձնենք Հայոց ցեղասպանության մասին»
Այս տարի օգտագործում ենք ամբողջ աշխարհում ունեցած մեր կապերը, որպեսզի դասական երաժշտության մեգաաստղերի միջոցով ամբողջ աշխարհին լսելի դարձնենք Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Երևանյան հեռանկարների» միջազգային փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:
Նրա խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում անցկացվում է Երուսաղեմից մեկնարկած «Քեզ հետ Հայաստան» համերգաշարը:
Փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը ասաց, որ Բրյուսելի համերգին ներկա են եղել դեսպաններ, Եվրախորհրդի ղեկավարներ, այլ պաշտոնյաներ, և համերգի ծրագիրը այնպես է կազմված, որ անպայման պետք է իր մեջ հայկական տարրեր պարունակի:
Ս. Հովհաննիսյանը ասաց, որ Հայաստանից դուրս համերգներ կազմակերպելը դժվարությունների հետ է կապված, որին գումարվում է նաև Թուրքիայի ճնշումները:
«Բրյուսելում թուրքական լոբբինգը շատ ուժեղ է և մենք մեր մաշկի վրա զգում էինք նրանց ճնշումները: Ամեն ինչ փակ էին անում, բայց այնքան ցայտուն էր, որ հնարավոր չէր չնկատել: Նրանք փորձում էին արտաքին գովազդից հնարավորինս հանել «ցեղասպանություն» բառը, հեռացնել շենքերի վրա կախվող աֆիշաները»,- ասաց Ս. Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրենց ամեն դեպքում հաջողվել է իրականացնել իրենց ծրագրած համերգը: :