28/04/2015 16:25
Հայաստանում 2014 թվականին հաշվառվել է 8 մուրացիկ երեխա
Ըստ Ոստիկանության ներկայացրած տվյալների՝ Հայաստանում 2014 թվականին հաշվառվել է 8 մուրացիկ երեխա: Այս մասին հայտնում են Հայաստանի ՄԻՊ Facebook-յան էջում:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ոստիկանության տվյալների համաձայն` աշխատանքներ են կազմակերպվում շահագրգիռ գերատեսչությունների, տարածքային կառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների հետ՝ հաշվառված մուրացիկ 8 երեխաների ուսման և զբաղվածության ապահովման ուղղությամբ: Ներկայումս հաշվառված 8 երեխաները գտնվում են իրենց ընտանիքներում:
Կարևորելով վերոգրյալ խնդիրը՝ պետք է փաստենք, որ նույնիսկ համապատասխան աշխատանքներ տանելուց հետո էլ մուրացիկ երեխաները հաճախ վերադառնում են փողոց, քանի որ վերջնականապես չի վերացվում մուրացիկությամբ զբաղվելու պատճառը և չի լուծվում հիմնական սոցիալական խնդիրը:
Այս իմաստով կարևոր է իրավասու բոլոր գերատեսչությունների ամենօրյա աշխատանքը ոչ միայն երեխաների, այլև նրանց ընտանիքների մյուս անդամների հետ` նրանց տրամադրելու համար երկարաժամկետ համալիր աջակցության ծառայություններ:
Օմբուդսմենի աշխատակազմը կարևորում է լայնածավալ իրազեկման աշխատանքների կազմակերպումը, որոնք հասարակության գիտակցության բարձրացման և մուրացիկությանը նպաստող գործողություններից ձերբազատելու նպատակ ունեն»: