28/04/2015 19:50
«Նաիրիտի» աշխատակիցներն այսօր ստացել են մեկ ամսվա աշխատավարձ. Հաջորդ ակցիան մայիսի 1-ին է
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր ստացել են մեկ ամսվա աշխատավարձ։ Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Անուշ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ բողոքի ակցիաները չեն դադարելու և առաջիկա ակցիան նշանակված է մայիսի 1-ին՝ Աշխատավորության միջազգային օրը:
«Մենք բողոքի ակցիա կանցկացնենք Ազատության հրապարակում՝ պահանջելով մարել աշխատավարձը կամ վճարման ժամանակացույց կազմել, որովհետև չենք կարող բավարարվել նրանով, որ երկու-երեք ամիսը մեկ վճարեն մեկ ամսվա աշխատավարձ։ 18 ամսվա աշխատավարձի պարտքը դարձավ 17 ամսվա»,- ասաց նա:
Հարցին՝ մասնավորապես, ի՞նչ քայլերի են պատրաստ, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ այս պահին հստակություն չկա, սակայն այդ քայլերը կլինեն միայն օրենքի սահմաններում:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ից «Նաիրիտ» գործարանի մոտ 1700 աշխատակիցներ առանց վերջնահաշվարկի ազատվել են աշխատանքից։