28/04/2015 12:32
Պարույր Հայրիկյանը 50 մլն եվրո արժեքով դատական գործ է սկսում
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը իր նախնիների՝ Աբրահամ Հայրիկյանի սեփականության պահանջատիրության հարցով 50 միլիոն եվրո արժեքով դատական գործ է սկսում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պ. Հայրիկյանը:
Նրա խոսքով՝ դատական գործ սկսելու համար օգտվելու է այն հանգամանքից, որ Թուրքիան ԵԽ անդամ երկիր է:
«Աբրահամ Հայրիկյանն իմ պապի հարազատ եղբայրն է եղել: Ապրիլի 24-ի գիշերը նախապես մահվան դատապարտվածներից էր, ազգային երեսփոխան և գերդաստանային միջոցներով վարժարան հիմնած, ինչը մահացու հանցանք էր: Աբրահամ Հայրիկյանը սպանվեց, իսկ հարազատ պապս փրկվեց՝ փախչելով Ռումինիա»,- ասաց նա:
ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ գործը շահելու դեպքում՝ գումարը բաժանելու է աշխարհով մեկ սփռված Հայրիկյաններին, թեև նրանք գումարի կարիք չունեն:
«Նրանք Պոլսի ամենահարուստ տոհմն են եղել և սկզբում կոչվել են Հովնանյաններ»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ Պ. Հայրիկյանը ասաց, որ ամեն ինչ անելու է, որ դրանից առաջ կալանավորված Հիմնադիր խորհրդարանի անդամները ազատ արձակվեն, իսկ նրանց կալանավորումը մթագնեց ցեղասպանության 100-րդ տարելիցի բոլոր միջոցառումները: