28/04/2015 15:20
Ո՞ր դեպքում է Ճանապարհային ոստիկանությունը մերժում վարորդական վկայական տրամադրել
Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձը դիմել է Օմբուդսմենին և հայտնել, որ լրացել է իր վարորդական իրավունքի ժամկետը և Ճանապարհային ոստիկանությունում մերժում են իրեն նոր վկայական տրամադրել, քանի որ օրենսդրական փոփոխության հետևանքով «վերջույթների բացակայություն» ունեցող անձանց այլևս չի տրամադրվում վարորդական իրավունք:
Օմբուդսմենի Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ աշխատակազմի իրավաբանը տեղեկացրել է անձին, որ ներկա կարգավորումներով արգելվում է տրանսպորտային միջոցի երթևեկությունը, եթե բացակայում են վարորդի աչքը կամ վերին կամ ստորին վերջույթը, դաստակը կամ ոտնաթաթը, կամ առկա են շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման:
Վարորդական իրավունքի տրամադրման հետ կապված խնդիրներ ունեցող քաղաքացուն իրազեկվել է նաև, որ «Պիտանի է իր հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոց վարելու» եզրակացությունը տրվում է միայն այն դեպքերում, երբ անձի մոտ առկա է վերջույթների հետ կապված որևէ խնդիր, սակայն պարզ չէ, թե երբ անձի մոտ բացակայում է որևէ օրգան, օրինակ`աչքը, տրանսպորտային միջոցը ինչպես պետք է հարմարեցվի վերջինիս հնարավորություններին:
Հաշվի առնելով նման կարգավիճակում գտնվող բազմաթիվ անձանց անկաշկանդ ապրելու և տեղաշարժվելու իրավունքը` Օմբուդսմենի կողմից հարցի բարձրաձայնման արդյունքում իրավասու պետական մարմինները ուսումնասիրել են խնդիրը:
Արդյունքում, Առողջապահության նախարարությունը ձևավորել է աշխատանքային խումբ՝ ինչպես նախարարության, այնպես էլ Ճանապարհային ոստիկանության համապատասխան աշխատակիցների ներգրավմամբ: Աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվել են այն հիվանդությունները, որոնք առաջացնում են տրանսպորտային միջոց վարելու բժշկական ցուցումներ և հակացուցումներ, սահմանափակումներ, ինչպես նաև թմրաբանական և հոգեբուժական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց մասին տեղեկատվության տրամադրման հարցը: