28/04/2015 19:24
Մենք կիսում ենք ձեր վիշտն ու ցավը. Դմիտրի Մեդվեդևի ուղերձը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ
ՌԴ Կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի իր պաշտոնակցին և հայ ժողովրդին: Այս մասին հայտնում է «ՌիաՆովոստին»:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգելի Հովիկ Արգամի
Այս օրերին մենք հարգում ենք պատմության մեջ ամենադրամատիկ իրադարձություններից մեկի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սգում ենք 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում զանգվածային բռնաճնշումների հետևանքով զոհվածների համար:
Քաղաքակրթության և մարդկության դեմ հանցագործությունները չունեն և չեն կարող ունենալ արդարացում: Յուրաքանչյուրի պարտքն է խնամքով պահպանել այս ահասարսուռ ողբերգության վերաբերյալ ճշմարտությունը և անել ամեն ինչ, որպեսզի անցյալի սարսափները երբևէ և ոչ մի տեղ չկրկնվեն: Այս պատմական դասերի արժեքը հերթական անգամ ընդգծեցին վերջերս Երևանում տեղի ունեցած սգո արարողությունները:
Ռուսաստանի դաշնության կառավարության և իմ անունից կարեկցանք և ցվակցություն ենք փոխանցում Ձեզ և եղբայրական Հայաստանի քաղաքացիներին: Մենք կիսում ենք ձեր վիշտն ու ցավը:
Հավերժ հիշատակ զոհերին: Թող ապագա սերունդները մշտապես ապրեն խաղաղության և համերաշխության մեջ:
Հարգանքով Դմիտրի Մեդվեդև»: