28/04/2015 10:54
Պուտինը տեղյակ է Էրդողանի քննադատությանը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ Վ. Պուտինը ծանոթ է Թուրքիայի նախագահի քննադատությանը իր հասցեին Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունների համար։ Այս մասին հաղորդում է «ՌիաՆովոստին»։
Հարցին՝ արդյոք Պուտինի՝ ցեղասպանության մասին հայտարարությունները կարո՞ղ են բացասաբար անդրադառնալ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա, նա պատասխանել է.
«Առիթ ունեցել եմ նշելու, որ մեր բազմաշերտ հարաբերությոնների հետագա զարգացումը, բնականաբար, մեզ համար առաջնահերթություն է։ Հուսով ենք, որ հարաբերությունները կշարունակեն զարգանալ այն արագընթաց տեմպերով, որ մինչ օրս զարգացել են, ունենք գործող համատեղ բազում նախագծեր, այդ իմաստով կան զբաղվելու բավականաչափ գործեր»։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր Վլադիմիր Պուտինին՝ 1915 թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ կատարած հայտարարության համար, մասնավորապես, ցավ հայտնելով, որ Պուտինը ցեղասպանություն եզրույթն է օգտագործել իր խոսքում և ռուսական կողմին հիշեցրել Ուկրաինայում և Ղրիմում տիրող իրավիճակը։