28/04/2015 15:35
«Շրջակա միջավայրը և ես». Կրթական ծրագիր՝ Երևանի դպրոցներում
Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանն արդեն երկրորդ տարին է` համատեղ իրականացնում են «Շրջակա միջավայրը և ես» կրթական ծրագիրը, որում ներգրավված են 8-9-րդ դասարանների, ինչպես նաև ավագ դպրոցների աշակերտներ։
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ 2015 թվականի ընթացքում ծրագրին մասնակցելու են Երևանի հհ. 56, 137, 155 հիմնական և հ. 87 միջնակարգ դպրոցների աշակերտները, յուրաքանչյուր դպրոցից՝ 10-15 աշակերտ։
Ծրագրի 5 դասընթացներն անցկացվելու են մեկուկես ամսում՝ շաբաթական մեկ դասընթաց պարբերականությամբ՝ բնական ռեսուրսների, էներգիայի, քաղաքների, գյուղատնտեսության, աղբի կառավարման և վերամշակման, կենսաբազմազանության և այլ թեմաներով։ Աշակերտները մասնակցելու են նաև ուսուցանվող թեմաներով քննարկումների, գործնական միջոցառումների, դաշտային արշավների։
«Շրջակա միջավայրը և ես» կրթական ծրագրի նպատակն է զարգացնել աշակերտների բնապահպանական խնդիրներին լուծումներ գտնելու անհատական ու խմբային ունակությունները։