30/04/2015 18:08
«Կոռուպցիայի դեմ պայքարում մամուլի առաջնային ներուժը բավականին վիճելի է»
«Թրանսփարենսի ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպությունը այսօր հրապարակել է «Հայաստանի Օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցը:
Կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ուսումնասիրության նպատակն է ոչ թե պարզել, թե այս կամ այն հաստատությունը ինչքան է կոռումպացված, այլ՝ որքան ներուժ ունի այն կոռուպցիան կանխարգելելու համար:
«Ուսումնասիրության արդյունքներով այդպիսի ներուժ կա այն պետական ինստիտուտների մոտ, որոնք բավականին անկախ են և բավարար ռեսուրս ունեն, օրինակ, Նախագահի ինստիտուտը և գործադիր իշխանությունը»,-ասաց նա:
Վ. Հոկտանյանի խոսքով՝ համեմատած լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, պետական ինստիտուտների հետ, Հայաստանի ՄԻՊ գրասենյակը առավել արդյունավետ կերպով իր ներուժն օգտագործում է երկրում կոռուպցիոն երևույթները կանխելու համար։
Ըստ զեկույցի՝ չնայած բավարար չափով ձևավորված հակակոռուպցիոն օրենսդրությանը, դրա արդյունավետ իրականացման հարցում առկա է լուրջ թերացում, դատական համակարգն ընկալվում է կոռումպացված, իսկ կոռուպցիոն հանցագործությունների հետապնդումը մնում է շատ ցածր մակարդակի վրա:
Կազմակերպությունը առաջարկում է ուժեղացնել կոռուպցիոն հանցագործությունների հետապնդումը և Վերահսկիչ պալատը դարձնել ավելի անկախ՝ նրա անդամներին սահմանադրական անձեռնմխելիություն տրամադրելու միջոցով, ինչպես նաև տարանջատել բիզնեսի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց:
Վ. Հոկտանյանը ասաց, որ իրենք առանձնացրել ենք նաև 2 հիմնական մարտահրավեր. առաջին՝ Հայաստանում լրատվամիջոցների առաջնային ներուժը բավականին վիճելի է, այսինքն՝ որքանով են նրանք պատրաստ և կարող կատարել կաշառակերության դեմ պայքարում իրենց աշխատանքը և իշխանությունների ճյուղերի միջև զսպման և հաշվեկշռի հարցը։