01/05/2015 13:00
Լավատես չեմ, որ Թուրքիան մոտ ապագայում կճանաչի պատմական իրողությունը. Ա. Պապյան
««Հիշում եմ և պահանջում» կարգախոսի առաջին մասը բավականին հաջող իրականացվեց, իսկ ահա երկրորդ մասն այդքան էլ հստակ չէր, մասնավորապես, հստակ չէր, թե հատկապես ինչ էինք պահանջում», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս վիվենդի» կազմակերպության նախագահ Արա Պապյանը:
Փորձագետը լավատես չէ, որ Թուրքիան մոտ ապագայում կճանաչի պատմական իրողությունը: Ավելին՝ նա կարծում է, որ եթե ճանաչման քաղաքականությունը իրականացվի առանց մեր իրավունքների հաստատման, գործընթացը ոչ միայն անիմաստ է, այլև վտանգավոր կարող է լինել: Ըստ Պապյանի՝ մեծ թվով դաշնակիցներ կարող ենք ձեռք բերել այն երկրների շարքում, որոնք շահագրգռված են ավելի փոքր և զուսպ Թուրքիա տեսնել:
Ա. Պապյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի վրա ծախսած գումարների և ժամանակի ընդամենը կեսը բավարար կլիներ, եթե ռեսուրսներն ուղղվեին պահանջատիրության գործընթացին:
Խոսելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի՝ Սիսի կաթողիկոսարանը Թուրքիայից հետ ստանալու պահանջի մասին՝ Ա. Պապյանը դա լավ նախադեպ համարեց և ավելացրեց, որ չնայած հավանականությանը, որ թուրքական դատարանները կմերժեն հայցը, բայց հնարավորություն կա, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարի հայցը: