01/05/2015 12:21
Գազի գինը պետք է իջնի
«Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը օրերս «Ռոսիա 24» հեռուսաալիքով հայտարարեց, որ Հայաստանի մատակարարվող գազի գինը ընկերությունը կնվազեցնի 1000 խմ-ի դիմաց մինչև 165 դոլարի` ներկայիս 189 դոլարի դիմաց: Ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ Հայաստանի կառավարության բանակցություների մասին վերջին ամիսներին տեղեկություններ հայտնվում էին ԶԼՄ-ներում:
Օրերս Ալեքսեյ Միլլերը գտնվում էր Երևանում, որից հետո էլ հայտարարվեց գազի գնի իջեցման մասին: Առաջին հարցը, որ առաջանում է շարքային սպառողների մոտ այն է, թե դա կարո՞ղ է բերել գազի սակագնի նվազմանը: Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է հետ գնալ և հասկանալ, թե ինչպես եղավ, որ անցյալ տարվա դեկտեմբերին, դոլարի նկատմամբ դրամի մոտ 15 տոկոս արժեզրկումից հետո «Գազպրոմ Արմենիան» հայտ չներկայացրեց գազի գնի բարձրացման մասին:
Հայտնի է, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը հաշվարկվել է 1 դոլարի դիմաց 416 դրամ փոխարժեքով: Այն դեպքում, երբ հիմա 1 դոլարը մոտ 475-478 դրամ է: Փոխարժեքին համարժեք գազի գնի բարձրացում թույլ չտալու համար էլ Հայաստանի կառավարությունը բանակցություններ սկսեց Ռուսաստանի հետ, որի արդյունքը «Գազպրոմի» վարչության նախագահի վերոնշյալ հայտարարությունը եղավ: Այսինքն, խոսել սպառողների համար գազի գնի էժանացման մասին չենք կարող, քանի որ ռուսական կողմից գազի գնի իջեցումը թույլ տվեց խուսափել՝ փոխարժեքով պայմանավորված, սպառողներիս համար դրա թանկացումից:
Հաջորդը, ինչի մասին խոսվում էր, էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր թանակցումն էր, քանի որ հոսանք արտադրող էներգետիկ ընկերությունները վնասներ էին կրում դարձյալ դրամի արժեզրկման հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով: Մասնավորապես, ՋԷԿ-երը գնում էին դոլարով նույն գինը մնացած, բայց դրամով թանկացած գազ, իսկ բնակչությանը հոսանք մատակարարող ընկերությանը տալիս էին դրամով նախկին գինը պահպանած հոսանք:
Ավելի պարզ ասած՝ 1 կվտ/ժ նրանք շարունակում էին վաճառել նույն` 31,5 (գիշերային) դրամով և 41,5 (ցերեկային) դրամով, բայց գազը գնում էին արդեն ոչ թե ոչ թե 416 դրամ կազմող դոլարով, այլ 475 դրամ կազմող դոլարով: Ռուսական կողմի այս քայլը Ալեքսեյ Միլլերը պայմանավորեց Հայաստանի՝ որպես Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամ երկրի նկատմամբ կիրառվող մոտեցմամբ: Գումարային արտահայտությամբ՝ Ռուսաստանի կողմից սահմանին գազի գնի մոտ 15 տոկոս իջեցումը շուրջ 50 մլն դոլարի խնայողություն կտա Հայաստանին: Սա երրորդ կարևոր արդյունքն էր՝ բացի վերևում նշված գազի և հոսանքի գնի թանկացումից խուսափելուց:
Հիշեցնենք, որ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու շնորհիվ, երբ Հայաստանի մատկարավող գազի գինը 270 դոլարի փոխարեն սահմանվեց 189 դոլար, դրա տարեկան խնայողությունը Հայաստանի համար կազմեց մոտ 120 մլն դոլար: Եվ վերջապես, չորրորդ կարևոր արդյունքը` ռուսական կողմը նոր ներդրումներ է կատարելու, նոր խողովակներ և այլ սարքավորումներ կառուցելու ու տեղադրելու, շարունակելու է Հայաստանի բնակավայրերի գազիֆիկացումը:
Արդյունքում՝ նախատեսվում է 100 տոկոսով գազիֆիկացնել Հայաստանը` ներկայիս 96 տոկոսի փոխարեն: Այս որոշման դրական նշանակության մասին խոսելով՝ հարկ է այն դիտարկել որպես Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական դաշնակցության, մասնավորապես մեր երկրի` ԵՏՄ անդամակցության կոնկրետ` բնակչության և երկրի համար առարկայական արդյունք: