01/05/2015 13:37
Ա. Ադիբեկյան. Աշխատողն այսօր թողնված է բարբարոս շուկայի հույսին
Գործազրկության խնդիրը Հայաստանում շարունակում է արդիական մնալ, հատկապես, որ գործազուրկների շարքերը գնալով համալրում են երիտասարդները: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ նշելով, որ, ըստ վիճակագրության, ՀՀ-ում գործազրկությունը կազմում է 21 տոկոս:
«Նախկինում լավ էր՝ համալսարանում սովորելու ընթացքում ուսանողները որոշակի պրակտիկա էին անցնում, հետո հեշտ էր լինում աշխատանքի տեղավորվել, իսկ այսօր դա բացակայում է, բայց գործատուներն էլ փորձով են պահանջում: Այդ պատճառով էլ՝ կարմիր դիպլոմով ավարտում են ու համալրում գործազուրկների թիվը՝ բուհ ավարտած երիտասարդների 75 տոկոսը աշխատանք չունի»,-տեղեկացրեց սոցիոլոգը:
Ընդհանուր առմամբ Հայաստանում գործազրկության պատկերը հետևյալն է. գործազուրկների մեծ մասը բարձրագույն կրթություն ունեցող կանայք են, ովքեր չեն ցանկանում աշխատել սպասարկման ոլորտում, երիտասարդները փնտրում են մենեջերի, տնտեսագետի, իրավաբանի և այլ աշխատանք, որոնք այսօրվա աշխատաշուկայում պահանջարկ չունեն: Խնդիր է նաև այն, որ շատերը աշխատանք չեն կարողանում գտնել տարիքի պատճառով, քանի որ 40-անց մարդկանց շատ տեղերում աշխատանքի ուղղակի չեն ընդունում.
«Աշխատատեղերի բացակայությունը մեր երկրի թիվ մեկ խնդիրներից է, բայց գործազրկության դեմ պետական ծրագիր չկա: Աշխատողն այսօր թողնված է բարբարոս շուկայի հույսին, բայց եթե պետական լուրջ մոտեցում լինի ,ապա գործազրկության դեմ կարելի է հեշտությամբ պայքարել»,- վստահություն հայտնեց Ա.Ադիբեկյանն ու հավելեց, որ դա միայն մեկ խնդիր չի լուծում, այլ մի քանի, քանի որ հենց գործազրկության պատճառով է, որ, օրինակ, արտագաղթի տեմպերն էլ շարունակում են աճել: