01/05/2015 13:13
«Մեր երկրում աշխատողների հիմնական խնդիրն աշխատավարձի չափն է»
ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսված են մի շարք փոփոխություններ, որոնք դեռևս նախագծի փուլում են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:
Նրա խոսքով՝ դրանցից մեկն աշխատանքային գրքույկի վերացման հարցն է և բոլոր նրանք, ովքեր նախկինում աշխատել են, նրանց աշխատանքային գրքույկները պահպանվում են, իսկ բոլոր նրանք, ովքեր նոր են աշխատելու, նրանց համար աշխատանքային գրքույկ այլևս չի բացվելու:
Մ. Փիլիպոսյանը առանձնացրեց այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են Հայաստանում աշխատողները՝ Աշխատանքային պայմանագրի կնքումը, աշխատանքային պայմանագրի լուծումը և ամենամյա արձակուրդի հարցը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանն էլ իր հերթին ասաց, որ աշխատողների հիմնական խնդիրը աշխատավարձի չափն է և մեր երկրում շատ աշխատողներ աղքատ են:
«Ութժամյա աշխատանքային օրվա հետ կապված խնդիրը, չենք կարող ասել, որ ամբողջությամբ լուծված է, բայց կարող ենք ասել, որ կարգավորված է»,-ասաց նա: