01/05/2015 14:18
Աշոտ Մելիքյան. Ամեն տեղից վերկացող փորձում է լրագրողներին ցույց տալ, թե ինչպես աշխատել
Հայաստանն իր 61 միավորով շարունակում է մնալ խոսքի ազատության առումով ոչ ազատ երկրների ցանկում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով մամուլի ազատության վերաբերյալ Freedom Hous-ի գնահատականներին:
Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ՝ որևէ բան չի փոխվել և օրենսդրական դաշտում մի շարք փոփոխությունների շնորհիվ միայն կարելի է ակնկալել, որ կներգրավվենք ազատ լրատվամիջոցներ ունեցող երկրների շարքում:
Ա. Մելիքյանն ասաց, որ նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է լրագրողի նկատմամբ բռնության 9 դեպք, սակայն ոչ ոք դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, ինչը ծնում է նոր հանցագործություններ:
«Հայաստանում քննադատության հանդեպ ոչ հանդուրժողականության վերաբերմունքը խանգարում է լրատվամիջոցների անկաշկանդ գործունեությանը: Ամեն տեղից վեր կացող փորձում է լրագրողներին ցույց տալ, թե ինչպես աշխատել: Լրագրողական հանրության ներսում շատ լուրջ խնդիրներ կան կապված էթիկայի հետ, բայց առավել հաճախ լրագրողները խնդիրների են հանդիպում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս»,- ասաց նա: