01/05/2015 10:49
ԲՀԿ. Մենք դեմ ենք կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուն
ԲՀԿ լրատվական բաժնից տարածվել է ԲՀԿ մամուլի խոսնակի պարզաբանումը, որում, մասնավորապես, ասվում է.
«Մինչև մայիսի 5-ը քաղաքական կուսակցությունները պետք է առաջարկներ ներկայացնեին սահմանադրական փոփոխություններն իրականացնող հանձնաժողովին» առաջարկված հայեցակարգի վերաբերյալ:
Մինչ այս պահը միայն դաշնակցությունն է ներկայացրել իր առաջարկները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացված հայեցակարգի վերաբերյալ առաջարկ սահմանադրական փոփոխություններ իրականացնող հանձնաժողովին չի ներկայացնելու: Իսկ թե ինչո՞ւ պարզաբանում է ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
«Բարգավաճ Հայաստանը» բազմիցս ասել է, որ մեր երկրի ներկա իրավիճակում, երբ կա ներքին և արտաքին կայունության լրջագույն խնդիր, երբ մենք ունենք Ղարաբաղի հարց, երբ քաղաքական կուսակցությունների կայացվածության աստիճանը խիստ կասկածելի է, կառավարման խորհդարանական համակարգին անցնելն այս պահին իր մեջ լրջագույն ռիսկեր է պարունակում:
Իհարկե, մեր ծրագրային հիմնադրույթներում կառավարման խորհրդարանական մոդելը որպես ապագայի միտված մոդել, երբ կլուծվեն ներքին և արտաքին նշյալ ռիսկերը կա, բայց, կրկնում եմ, այս փուլում խորհրդարանական մոդելին անցնելը կարող է երկրում լրջագույն խնդիրներ առաջացնել:
Ուստի, մենք նշյալ հայեցակարգի վերաբերյալ որևէ առաջարկ չենք ներկայացնելու: Ասվում էր, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը աշխատելու է նաև երկրորդ տարբերակի վրա. այն է, Սահմանադրության հետ կապված առկա մտահոգությունները, մասնավորապես դատական համակարգի անկախության և մի քանի այլ խնդիրների հետ կապված, լուծել գործող՝ կիսանախագահական մոդելը լրամշակելու տարբերակով, ինչը միանգամայն հնարավոր է:
Եթե հանձնաժողովը առաջարկի այդ տարբերակի իր մոտեցումները, բնականաբար, ԲՀԿ-ն կքննարկի գործող՝ կիսանախագահական մոդելի բարեփոխման շուրջ առաջարկներ ներկայացնելու հարցը: Այս պահին, սակայն, հանձնաժողովը երկրորդ տարբերակ չի առաջարկել: Ուստի, «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը՝ այս փուլում կառավարման խորհրդարանական մոդելին անցնելուն մնում է անփոփոխ:
Մենք դեմ ենք կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուն»: