01/05/2015 10:23
Մեր օրակարգում ընդգրկված չէ վարչապետի կամ կառավարության փոփոխություն. Շարմազանով
Մեր օրակարգում կառավարության, վարչապետի փոփոխության հարց ընդհանրապես դրված չէ: Այս մասին երեկ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Կարծում եմ՝ կառավարությունն ունի մեծ պոտենցիալ`լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք ստանձնել է մեկ տարի առաջ և ցանկանում է իրականացնել իր առջև դրված խնդիրները»,- լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հովիկ Աբրահամյանի կառավարության մեկ տարվա աշխատանքը, պատասպանել է նա:
Շարմազանովը հավաստիացրել է նաև, որ օրակարգում դրված են ներքին և արտաքին քաղաքական հարցեր, որոնց նպատակը Հայաստանի դիրքերի ամրապնդումն է: «Վերահաստատել ենք այն, որ միայն ապրիլի 24-ի միջոցառումներով չեն ավարտվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման ուղղությամբ մեր քայլերը: Մենք տեսանք, որ Հայաստանը դատապարտում է ո՛չ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև՝ առաջամարտիկ է հանդիսանում ցեղասպանությունների դատապարտման գործում»,-հավելել է նա:
Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են նաև առաջիկայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Նա նշել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ, ապա կմասնակցի ԵՏՄ խորհրդի նիստին, իսկ մայիսի 9-ին՝ Նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի միջոցառումներին: