01/05/2015 12:07
Թ. Պողոսյան. Ցեղասպանության ճանաչման գործընթացն արդեն իրավական հարթության վրա է
Հայաստանն այլևս փաստերի խնդիր չունի: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով Հայոց ցեղասպանության հարցով Հաագայի միջազգային դատարան դիմելու մասին, նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն արդեն իրավական հարթության վրա է: Որևէ մեկը չի հերքում կամ կասկածի տակ առնում այս փաստը: Նույնիսկ այն երկրները, որոնք ժամանակին ինչ-ինչ պատճառներից դրդված խուսափում էին Ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց, այսօր այդ երկրները նույնպես ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Կա այլ խնդիր. դատարաններում Հայաստանը պետք է պետաիրավական գործեր ներկայացնի, իսկ դա հսկայական աշխատանք է պահանջում: Այդ փաստերը հավաքագրելով՝ պետք է զբաղվի պրոֆեսիոնալ իրավաբանների հանձնախումբ»,- ասաց Թ. Պողոսյանը:
Հարցին, թե եթե Թուրքիան ի վերջո ճանաչի Հայոց ցեղապսանությունն, ապա Հայաստանն ի՞նչ կշահի, պատգամավորը պատասխանեց, որ նախ կբարելավվեն հայ-թուրքական հարաբերությունները, որոնք դարավոր վաղեմության պատմություն ունեն, այուհետև ի դեմս Թուրքիայի՝ Հայաստանը կունենա հարևան, որը կհասկանա ու կկրի իր պատիժը:
«Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո կարելի է Թուրքիայի հետ խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին և կլուծվի այն անվտանգության խնդիրը, որը գալիս է Թուրքիայից: Այն այլևս չի լինի այն մակարդակին, որի մասին այսօր խոսում են: Մեր սահմաններն այսօր ստիպված են փակված: Պետք է վերջապես հասկանանք, որ խաղաղություն ամեն դեպքում պետք է հաստատվի: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների սրացմամբ օգտվում են միայն ուրիշները»,- եզրափակեց նա: