01/05/2015 15:05
Շիրինյան. Պուտինն ու Օլանդը փորձել են Թուրքիային ինչ-որ բան հասկացնել
Հայաստան կատարած այցի ժամանակ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները շատ կարևոր հայտարարություն արեցին, որից Թուրքիան պետք է զգուշանա: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում այս մասին հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Քաղաքագետի խոսքով՝ նախ ապրիլքսանչորսյան միջոցառումներով Հայաստանն իրականում շահեց երկու բան. առաջինն, ըստ նրա, ազգի մոբիլիզացիան էր, իսկ երկրորդը՝ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը:
«Անկախ նրանից, թե ինչ արդյունք գրանցեցինք, Թուրքիայում իսլամացած հայերը որոշակի ինքնագիտակցության փուլ անցան: Սա շատ կարևոր է ազգային ֆիզիկական և բարոյական հաղթանակի համար: Իսկ երկրորդը՝ այդ օրերին Հայկական հարցը դարձավ համաշխարհային քաղաքակրթության հարց: Մենք հարստացանք այդ վերաբերմունքից, բայց աշխարհն ինք ինչ-որ չափով այս ամենից վերափոխվեց»,- նկատեց Լ. Շիրինյանը:
Նրա կարծիքով, սակայն, այս ամենը չպետք է կապել իրական քաղաքականության հետ, որն իրականում թատերականացված բեմականացում է հիշեցնում: «Տարածված տեսակետ կա, թե քաղաքականությունը շախմատ է, սակայն դա կարելի է դիտարկել միայն տարածաշրջանի տեսանկյունից, իսկ այն, որ քաղաքականությունը թատրոն է՝ դա միանշանակ: Քաղաքականության մեջ էլ կան ռեժիսորներ ու դերակատարներ, լավ ու վատ խաղացողներ»,- ասաց նա:
Հստակեցնելով իր խոսքը՝ Լ. Շիրինյանն ընդգծեց, որ մի կողմից ամեն ինչ լավ էր մտածված, բայց այստեղ ուշագրավ էր հատկապես Վլադիմիր Պուտինի ու Ֆրանսուա Օլանդի պահվածքը, ովքեր իրենց հայտարարություններում առաջին անգամ հիշատակեցին 1915 թվականի մայիսի 24-ի՝ 3 տերությունների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Անգլիայի Անտանտի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ Հայաստանի թուրք և քուրդ ազգաբնակչությունը ( նկատի ունի Արևմտյան Հայաստանը- aysor.am) ոչնչացնում է հայ ազգաբնակչությանը՝ Վանում, Կարինում, Էրզրումում և այլուր:
«Սա նշանակում է, որ այդ երկրների նախագահները Արևմտյան Հայաստանն այլևս չեն դիտարկում Թուրքիայի մաս: Բացի դա՝ այդ ամենից կարելի է եզրակացնել, որ դեռ այն ժամանակ գերտերությունները Հայաստանի այդ հատվածը բաժանել էին մասերի: Իհարկե, նրանց հայտարարություններում մեջբերվում է այդ հայտարարության միայն առաջին հատվածը, սակայն պակաս կարևոր չէ նաև երկրորդ մասը, որտեղ խոսքը գնում է այն մասին, որ այդ ամենի համար պատասխանատվություն պետք է կրի Թուրքիան»,- հավելեց նա:
Շարունակելով իր խոսքը՝ Լ. Շիրինյանը շեշտեց, որ թեև նախագահները իրենց ելույթներում չանդրադարձան այդ հայտարարության երկրորդ մասին, բայց Թուրքիային ակնարկեցին, որ վերջին շրջանում ևս նախճիր է կատարվում՝ ընդդեմ մարդկության և քաղաքակրթության: Այդ երկու խոշոր միջուկային երկրները հայտարարեցին, որ Թուրքիան դիտվում է քաղաքակրթությունից դուրս երկիր:
«Անտանտի հայտարարության մեջ գրված է նաև, որ դաշնակից այդ պետությունները պաշտոնապես հայտարարել են, որ «պատերազմի» ավարտից հետո այդ ամենի համար պատասխանատու է դիտվելու թուրքական կառավարության ամբողջ կազմը՝ նախարարներով ու նրանց գործակալներով հանդերձ: Այսինքն՝ սա նշանակում է, որ եթե Հոլոքոստը պատժի մասով իրականացվել է, ապա Հայոց ցեղասպանության պատժի մասին այսօր ոչինչ չի խոսվում: Բայց ես կարծում եմ, որ այդ երկու նախագահները մեջբերելով այդ հայտարարությունը, փորձել են Թուրքիային ինչ-որ բան հասկացնել»,- եզրափակեց քաղաքագետը: