01/05/2015 12:34
«Նաիրիտի» աշխատակիցները հավաքվել են Ազատության հրապարակում՝ Նախագահին հանդիպելու համար
«Նաիրիտի» մի քանի տասնյակ աշխատակից այսօր՝ մայիսի 1-ին, հավաքվել են Ազատության հրապարակում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում աշխատավորների օրվան նվիրված միջոցառմանը մասնակցող ՀՀ նախագահին հանդիպելու պահանջով:
«Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանի խոսքով՝ մայիսի 1-ը առնվազն 1700 աշխատավորների համար գործազուրկների օրն է:
«Մենք այս տոնի խորթ զավակն ենք, չգիտենք՝ կարող ենք տոնել, թե ոչ: Մենք մեծ խնդիր ունենք ու այս խնդիրը մնում է բաց: Մարդկանց ազատել են աշխատանքից` առանց աշխատավարձ վճարելու»,- ասաց նա` նշելով, որ հույս ունեն հանդիպել Նախագահին՝ իրենց խնդիրը ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ից «Նաիրիտ» գործարանի մոտ 1700 աշխատակից առանց վերջնահաշվարկի ազատվել է աշխատանքից։
Նշենք նաև, որ ապրիլի 28-ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ստացել են մեկ ամսվա աշխատավարձ։