01/05/2015 17:05
Կայացել է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը
Ապրիլի 28-30-ը «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվել է սուսերամարտի մեծահասակների ՀՀ առաջնությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Առաջնությանը մասնակցել են Երևանի, Գյումրու, Վանաձորի և Բյուրեղավանի 100 մարզիկ ու մարզուհի: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Ճկասուսերակիր տղաների մրցապայքարում հաղթող է ճանաչվել Մայքլ Հովհաննիսյանը (Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գագիկ Հովհաննիսյան), իսկ աղջիկների պայքարում հաղթել է Էմմա Պողոսովան («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան):
Խոցասուսերակիր տղաների մրցապայքարում առաջատարը Արամայիս Գաբոյանն էր (Արաբկիրի Ալբերտ Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան), աղջիկների պայքարում դարձյալ Էմմա Պողոսովան էր («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան):
Թրասուսերակիրների մրցապայքարում հաղթել է Արթուր Կարապետյանը (Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոց, անձնական մարզիչ` Անդրանիկ Արազյան):
Նշենք, որ առաջնությունից հետո պատանեկան ՀՀ հավաքական թիմը՝ գլխավոր մարզիչ Արտաշ Մադոյանի ղեկավարությամբ, մեկնել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի՝ մասնակցելու մայիսի 1-3-ը անցկացվելիք միջազգային մրցաշարին: