02/05/2015 11:22
Թ. Պողոսյան. Եթե գազի գինն իջնում է, ապա ինչո՞ւ պետք է էլեկտրաէներգիան թանկանա
Մեր իշխանությունները գաղտնի են պահում գազի սակագնի և՛ թանկացումը, և՛ էժանացումը: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով կանխատեսվող գազի գնի էժանացմանը, նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ անհասկանալի է, որ առանց որևէ պայման չփոխվելու դեպքում գազի գնի նվազում լինի, իսկ հասարակ սպառողի վրա դա ազդեցություն չունենա: Նա նկատեց, որ բարձրացնելու դեպքում սպառողին ստիպում են անհամեմատ ավելի բարձր վճարել, իսկ նվազման դեպքում կա՛մ թաքցնում են, կա՛մ՝ չեն ուզում սպառման գինը նվազեցնել: «Թե համապատասխան մարդիկ ինչեր են մեզ փորձելու ասել, դժվարանում եմ, բայց խնդիրը բաժանվում է երկու մասի՝ քաղաքական ու տնտեսական»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ եթե սահմանում գազի գինն իջնում է, այդ մասին մեր իշխանությունները պարտավոր են բարձրաձայնել: Մինչդեռ նրանք այսօր էլ շարունակում են լռել: «Գազի գնի նվազման վերաբերյալ պետք է վերանայի և համապատասխան որոշում կայացնի համապատասխան Հանձնաժողովը: «Գազպրոմ Արմենիան» միգուցե իր շահերից ելնելով՝ առաջարկ չի ներկայացրել, որպեսզի ավելի շատ եկամուտ վաստակի, բայց մենք այդ մասին պարտավոր ենք ասել, իսկ թե ինչո՞ւ մեր իշխանություններն այդ մասին չեն բարձրաձայնում, դա արդեն այլ հարց է»,- ասաց Թ. Պողոսյանը:
Ինչ վերաբերում է խնդրի տնտեսական կողմին, ապա պատգամավորը շեշտեց, որ եթե այսօր խոսում են ներդրումների մասին, ապա այդպիսի հաշվարկները ևս պետք է կանխամտածված լինեին:
«Այսօրվա սակագներում կա նաև այդպիսի հաշվարկներ: Թող բերեն ու համապատասխան հաշվարկներ անեն: Ոչ ոք չի արգելում: Կարող են այդ ամենը թափանցիկ կերպով կազմակերպել, բայց այն որ սպառողն այդ բոլորի մասին պետք է իմանա, դա փաստ է: ԱԺ-ում համապատասխան հանձնաժողովն արդեն հայտարարել է, որ որևէ բան չի փոխվել: Հակառակը՝ գինն իջել է 20-30 տոկոսով, իսկ եթե չի փոխվել, ինչո՞ւ գազը սպառման դիմաց սպառողն ավելի շատ վճարի»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ այդ մոտեցմամբ իշխանությունները ոչ արդար ու ոչ ազբնիվ մոտեցում են դրսոևորում, որով ոտնահարվում է սպառողի իրավունքները: «Իսկ դա արդեն նշանակում է, որ ՀԾԿՀ-ն ունի լուրջ խնդիրներ: Մենք պետք է պահանջենք, որ սակագինը վերանայվի»,- ասաց նա:
Պատգամավորը համոզմամբ՝ այդ Հանձնաժողովը առնվազն պետք է իր ֆունկցիան կատարի. այն է՝ պաշտպանի սպառողների շահերը: Մինչդեռ, ըստ Թ. Պողոսյանի, այդ կառույցը բացարձակ անգործության է մատնված: «Նա ոչինչ էլ չի նախաձեռնում այդ ուղղությամբ: Ստացվում է, որ այդ հանձնաժողովը միայն մոնոպոլիաների ու բիզնեսների շահերն է լավ պաշտպանում»,- ասաց նա:
Անդրադառնալով տարակարծություններին, թե գազն էժանանում է, փոխարենը, սակայն թանկանում է էլեկտրաէներգիան, Թևան Պողոսյանն ընդգծեց, որ այստեղ կան ինչ-որ անհամաձայնություններ, և, ինքն անձամբ այդ որոշմանը դեմ է և չի ընդունում: Նրա խոսքով՝ էլեկտրաէնրգիան իրականում արտադրվում է գազի հաշվին, իսկ էլեկտրոէներգիայի թանկացումը գազի սակագնի նվազման հաշվին ինքն ուղղակի անիմաստ է համարում:
«Չեմ պատկերցում, թե ոնց կարող են ասել, որ ալյուրն էժանանում է, իսկ հացը թանկանում: Էլետրաէներգիան Հայաստանը շարունակում է ստանալ այնպես, ինչպես նախկինում էր, ոթե որևէ այլ պայման չի փոխվել, ինչի՞ մասին է խոսքը, իսկ եթե խնդիրն Ատոմակայանն է, կարծում եմ՝ այդ հարցի հետ կապված ևս որևէ փոփոխություններ չկան: Անհասկանալի է, թե ինչու է հոսանքը թանկանում կամ ինչու պետք է այն թանկանա: ՋէԿ-երը ևս աշխատում են գազով, իսկ եթե գազի գինն իջնում է, ապա ինչու պետք է էլեկտրաէներգիան թանկանա: Եթե չխոսեն գազի սակագնի մասին, ապա տեղ չունեն խոսելու նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին: Գազի գնի նվազումը կհանգեցնի նրան, որ Հայաստանում հոսանքն ավելի մատչելի կարտադրվի, իսկ հետևությունները թողնում եմ ձեզ: Այստեղ կան հարցեր, որոնք պետք է հանրությանը բաց և թափանցիկ մատուցվեն: Ես վստահ եմ, որ այդ դեպքում մենք չենք ունենա որևէ խնդիր»,- ասաց նա: