02/05/2015 14:47
Մերկել. Ինձ համար շատ կարևոր է մայիսի 10-ին գտնվել Մոսկվայում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր համար շատ կարևոր է մայիսի 10-ին գտնվել Մոսկվայում և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին ծաղկեպսակ դնել Անհայտ զինվորի գերեզմանին՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով Համաշխարհային երկրորդ պատերազմում միլիոնավոր զոհերի հիշատակը:
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ իր ամենշաբաթյա վիդեոբլոգում Մերկելը հայտնել է, որ անկախ այն տարաձայնություններին, որ գոյություն ունեն ՌԴ հետ, այդ այցելությունը շատ կարևոր է.
«Ներկայում մենք Ռուսաստանի հետ մի շարք լուրջ անհամաձայնություններ ունենք, այդ թվում և Ուկրաինայում առկա իրավիճակի առումով: Այդուհանդերձ կարևոր է մայիսի 10-ին ՌԴ նախագահի հետ միասին ծաղկեպսակ դնել Անհայտ զինվորի գերեզմանին՝ այդպիսով հարգելով միլիոնավորների հիշատակը, ում մահը Գերմանիայի խղճին է»,- մասնավորապես հայտնել է Մերկելը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մերկելը Մոսկվա կժամանի մայիսի 10-ին: Այցի շրջանակում նա մտադիր է բանակցություններ վարել Վ.Պուտինի հետ աշխատանքային ճաշի ժամանակ, սակայն քննարկման թեմաները դեռ հայտնի չեն: