04/05/2015 16:47
ԱՄՆ պատվիրակ. Սահմանային իրավիճակի լարումն ընտրությունների օրերին զարմանալի չէ
Արցախում անցկացված խորհրդարանական ընտրություններն ազատ և թափանցիկ են անցել: Դրանք համապատասխանել են միջազգային բոլոր չափորոշիչներին: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ-ի և Մեքսիկայի պատվիրակության անդամ, Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո վարչական շրջանի կառավարիչների խորհուրդի անդամ Անդրեաս Բորխեսը:
«Այստեղ տեսանք ընտրողների բարձր մասնակցություն: Մարդիկ ընտրությունների էին գնում կարծես տոնակատարության: Օրինակ ես Ամերիկայում դեռ չեմ տեսել, որ ընտրություններին մասնակցություն ունենա բնակչության մոտ 70 տոկոսը»,- ասաց Անդրեաս Բորխեսը:
Հարցին, թե պատվիրակության անդամն ի՞նչ կարծիք ունի ԱՄՆ ու առհասարակ միջազգային հանրության կողմից Արցախի ընտրությունների չճանաչման վերաբերյալ, Ա. Բորխեսը պատասխանեց.
«ԱՄՆ-ն դաշնային երկիր է և դրա մի քանի նահանգներն արդեն ճանաչում են Արցախը: Այդ գործը միանգամից տեղի չի ունենա, ամեն բան կլիմի աստիճանաբար»:
Aysor.am-ը պատվիրակության անդմաներից հետաքրքրվեց` տեղյա՞կ են արդյոք այս օրերին շփման գծում տիրող իրավիճակին ու նկատու՞մ են արդյոք այն միտումը, որ սահմանային իրավիճակը լարվում է հիմնականում ընտրությունների նման քաղաքական իրադարձություններին զուգահեռ:
«Դա զարմանալի չէ»,- ասաց Անդրեաս Բորխեսը` շարունակելով.
«Կարծում եմ՝ սահմանային լարվածությունը կշարունակվի նաև հետագայում, երբ Լեռնային Ղարաբաղում օրինակ կրկին ընտրություններ լինեն: Ընտրությունները պետականության դրսևորման ամենավառ տարբերակն են ու բնական է, որ Ադրբեջանը պետք ա ամեն կերպ խանգարի դրան»:
Ընդ որում պատվիրակության անդամների նշեցին, որ նախօրեին` քվեարկության ժամանակ, հնարավորինս եղել են սահմանամերձ շրջաններում.
«Մենք հասել ենք մինչև Հադրութ ու գիտենք, որ կան համայնքներ, ուր ընտրական տեղամասերը շփման գծից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են: Օրինակ՝ Հադրութում մենք հետևել ենք նաև զինվորների քվեարկությանը»,- ասաց ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչներից մեկը: