04/05/2015 10:03
ԾԻԳ-երը՝ կառավարության թիրախում. Ինչպե՞ս նվազեցնել ատկատների ռիսկերը
Դատելով վարչապետի մոտ անցյալ ուրբաթ հրավիրված խորհրդակցությունից, կարելի է ասել, որ կառավարությունը մտադիր է ավելի հետևողական լինել ծրագրերի իրականացման գրասենյակների գործունեության նկատմամբ։
Այդ մասին խորհրդակցության ժամանակ ուղղակիրոեն հայտարարեց վարչապետը։ Հ. Աբրահամյանը պահանջեց ոլորտի ղեկավարներից զերծ մնալ որևէ տեսակի կոռուպցինոն ռիսկերից։ Վարչապետը խոստացավ այդ հարցում լինել առավել հետևողական։
Կառավարության ղեկավարի պահանջը ԾԻԳ-երի ղեկավարներից, անշուշտ, կտրված չէ իրականությունից։ ԾԻԳ-երում կոռուպցիոն ռիսկերը բավականաչափ բարձր են։ Դրանք մշտապես եղել են և կան նաև այսօր։
Ինչպես հայտնի է, ԾԻԳ-երն առնչվում են մեծածավալ ֆինանսական միջոցների հետ։ Դրանց միջոցով են կատարվում ինչպես պետական բյուջեի, այնպես էլ վարկային ռեսուրսներով իրականացվող բազմաթիվ ծրագրեր։ Խոսքը պետական գնումների մասին է, որոնց շրջանակներում մշտապես բարձրացվում է, այսպես ասած, ատկատների խնդիրը։ Թեև այդ առումով երբևէ կոնկրետ բացահայտումներ, կարծես, չեն եղել։ Ամեն դեպքում, դա չի նշանակում, թե այդպիսիք չկան։
Որքան էլ պետական ծրագրերն իրականացվում են մրցույթներով, այնուհանդերձ դա չի խանգարում, որպեսզի այստեղ ի հայտ գան չարաշահումների բազմաթիվ դեպքեր։ Այդ են վկայում նաև Վերահսկիչ պալատի վերջին տարիների բացահայտումները։ Տարբեր սխեմաների կիրառման միջոցով յուրացվում են պետական առանց այն էլ սուղ ֆինանսական միջոցները, ինչից բնականաբար տուժում է իրականացվող ծրագրերի որակը։ Թերևս պատահական չէ, որ կարճ ժամանակ անց դրանք նորից իրականացնելու անհրաժեշտություն է առաջանում։
Կառավարությունն այս առումով իսկապես անելիքներ ունի, որովհետև կոռուպցիոն գործընթացները սկսվում են մրցույթների կազմակերպումից։ Տարբեր մեխանիզմների միջոցով կազմակերպիչները փորձում են նախապատվությունը տալ իրենց նախընտրած կազմակերպություններին։ Բնականաբար դա չի արվում անշահախնդրորեն։
Չարաշահումներից զերծ մնալու համար վարչապետը կարևորում է ծրագրերի իրականացման բոլոր գործընթացների թափանցիկությունն ու հրապարակայնությունը։
Մի բան, ինչն անշուշտ կարող է նպաստել կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը։ Այդ առումով վերջին տարիներին իհարկե որոշակի առաջընթաց առկա է։ Խոսքը մասնավորապես էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման մասին է։ Համակարգը գնալով ընդլայնվում է՝ ընդգրկելով գնումների ավելի լայն շրջանակ։
Թեև այնպես չէ, որ դրանով կոռուպցիոն բոլոր ռիսկերը վերացել են։ Պատահական չէ թերևս վարչապետի հորդորը ծրագրերի իրականացման գրասենյակների ղեկավարներին։ Կառավարության ղեկավարի պահանջը ըստ էության պետք է դիտարկել որպես լուրջ զգուշացում, որից ԾԻԳ-երի ղեկավարները պետք է հետևություններ անեն։