04/05/2015 13:34
Համայնքների խոշորացումն ամենակարևոր բարեփոխումների՞ց է
Մայիսի 17-ին Հայաստանի երեք մարզում տեղի կունենա տեղական հանրաքվե` համայնքների բնակիչները քվեարկելու են կողմ կամ դեմ համայնքների խոշորացմանը: Ազգային ժողովում էլ այսօր թեմային նվիրված խորհրդարանական լսումներ էին, որոնց ժամանակ փորձ արվեց ներկայացնել, թե ինչով է կարևոր այս բարեփոխումը, որը, մեղմ ասած, համայնքների բնակիչները բացասական են ընդունում:
ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանն, օրինակ, այս բարեփոխումը որակեց իբրև ամենակարևորներից մեկը պետությունում.
«Այսօր ունենք բավականին հզոր կառավարման համակարգ, բայց թույլ ինքնակառավարման համակարգ, որը անձերի հետ չէ, այսինքն` այս կամ այն գյուղապետը թույլ է, թե ոչ, այլ ֆինանսական հնարավորություններով: Մեկ այլ խնդիր է նաև այն, որ համայնքի բնակչության կողմից օբյեկտիվ վերաբերմունքն է բացակայում` գյուղեր ունենք, որտեղ ընտրությունների ժամանակ ավագանի չի առաջադրվում, քանի որ համայքնի ազգաբնակչությունը այն կարծիքին է, որ ավագանուց շատ բան կախված չէ»,- ասաց նա` ավելացնելով, որ եթե բնակչությունը ավագանու ներկայացուցչական մարմնին վերաբերում է այսպես, ապա սա նշանակում է, որ համակարգում ինչ-որ բան այնպես չէ:
ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ համայնքների խոշորացման վերաբերյալ հասարակությունում միանշանակ վերաբերմունք գոյություն չունի, հիմնականում բացակայում են խորը պատկերացումներ, այնպես որ ակնհայտ է, որ բացատրելու խնդիր կա:
«Մարդիկ որևէ խնդիր չունեն «այո» կամ «ոչ» ասելու, պարզապես նրանց մոտ հարց է առաջանում՝ որպես համայնքի բնակիչ այս գործընթացից ի՞նչ է շահելու: Կարծում եմ, որ այս հարցերի պատասխանը պետք է հստակ տրվի»,- հայտարարեց Ստեփան Մարգարյանը:
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ կողմնակիցն է շրջանային կառավարման, բայց հիմա իրեն մի հարց է հետաքրքրում` ինչո՞ւ է կառավարությունը պիլոտային խոշորացում իրականացնում միանգամից համայնքների երեք փնջերում և ոչ մի կերպ չի ուզում այդ երեքից մեկում շրջանային կառավարման անցում կատարել:
Կառավարության ներկայացուցիչն արձագանքեց, թե շրջանային ու փնջային տարբերակը, ըստ գործադիրի, միմյանց չի հակասում և այս պիլոտայինները շրջանայինին բացարձակ չեն հակասում, այնպես որ հետագայում եթե դրա կարիքը լինի` կանդրադառնան.
«Շրջանային կառավարումը մեր երկրում ռիսկ է իր մեջ պարունակում, որ ներքին նախաձեռնությունները կկորեն, տեղական ինքնակառավարումը իր տեղը կզիջի ու շրջանները կվերածվեն կենտրոնին նայողների: Բայց մենք չենք մերժում շրջանայինը, ուղղակի այս պահին դա նպատակահարմար չէ»: