04/05/2015 13:52
Նաիրա Զոհրաբյանն այցելել է Գյումրիի վերակազմավորված թիվ 33 ընտրատարածք
Երեկ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը Գյումրիում աշխատանքային հանդիպում է ունեցել ԲՀԿ վերակազմավորված թիվ 33 ընտրատարածքային կուսակցական կազմակերպության պատասխանատուների հետ: Այս մասին հայտնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից:
Կուսակցության նախագահը և ընտրատարածքի պատասխանատուները քննարկել են ներկուսակցական և կազմակերպական մի շարք խնդիրներ: ԲՀԿ նախագահը պատասխանել է թիվ 33 ընտրատարածքի պատասխանատուների բազմաթիվ հարցերին՝ ներկուսակցական և ներքաղաքական խնդիրների հետ կապված:
Քննարկվել են նաև Գյումրի քաղաքին և նշյալ ընտրատարածքի համայնքներին առնչվող կոնկրետ խնդիրներ: Մասնավորապես՝ Ախուրյանի, Ամասիայի և Աշոցքի ԲՀԿ պատասխանատուներն առաջարկել են օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք առնչվում են նաև կոնկրետ իրենց համայնքներին՝ մինչ խորհրդարանում քննարկելը քննարկել նաև համայնքների բնակիչների հետ. Մասնավորապես՝ համայնքների խոշորացման մասին օրենքը:
Կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է նաև կուսակցության քաղաքական խորհրդի մոտեցումները ներքին և արտաքին մի շարք հիմնահարցերի, ինչպես նաև տնտեսական խնդիրների վերաբերյալ: Ընտրատարածքի պատասխանատուներն առաջարկել են առաջիկայում կազմակերպել հանդիպում Գյումրիի և հարակից համայնքի բնակիչների հետ: ԲՀԿ նախագահին է հանձնվել նշյալ ընտրատարածքից կուսակցությանն անդամակցելու մի քանի տասնյակ դիմում: