04/05/2015 12:28
«ՌԴ-ն ընդունում և ստանդարտներին համապատասխան է ճանաչում այս ընտրությունները»
Նախօրեին Արցախում անցկացված խորհրդարանական ընտրությունները անցկացվել են այս երկրի թարմացված Ընտրական օրենսգրքի բոլոր պահանջներին համապատասխան, այս ընտրությունները լիովին համապատասխանել են նաև միջազգային պահանջներին: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընտրությունների դիտարկման համար Արցախ ժամանած ՌԴ պատվիրակության անդամ, քաղաքագետ, «Яблоко» խմբակցության անդամ Վիկտոր Շեյնիսը:
«Մենք նկատեցինք, որ ընտրական ամբողջ գործընթացը անցել է թափանցիկ, տեղամասերում ուժեղացված պայքար կար ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման դեմ, դիտորդներին, վստահված անձանց, ԶԼՄ ներկայացուցիչներին տրվել են ընտրական գործընթացները լուսաբանելու և դրանց հետևելու լայն հնարավորություններ»,-ասաց Վ. Շեյնիսը:
Նա նշեց, որ Արցախի խորհրդարանական ընտրությունները անցկացվել են հավասար քաղաքական մրցակցության պայմաններում:
«Թափանցիկ է անցել նաև ձայների հաշվարկի գործընթացը: Դրա հետ միասին եղել են նաև թեթև, կարելի է ասել, տեխնիկական խնդիրներ, որոնք ընտրական հանձնաժողովի կողմից անմիջապես լուծվել են տեղում: Այսպիսով, ՌԴ-ն ընդունում, լեգիտիմ և ԼՂՀ ԸՕ ու միջազգային ստանդարտներին լիովին համապատասխան է ճանաչում մայիսի 3-ին կայացած Արցախի խորհրդրանական ընտրությունները»,-ասաց Վ. Շեյնիսը:
Նա նշեց, որ ՌԴ պատվիրակությունը կարևորում է այս ընտրությունները նաև ադրբեջանա-ղարաբաղայան հակամարտության խաղաղ լուծման տեսանկյունից.
«Նաև կոչ ենք անում ՄԱԿ-ին ընդունել նախօրեին Արցախում տեղի ունեցած այս ընտրություները»,- ասաց Վ. Շեյնիսը: