04/05/2015 18:46
«Ցեղասպանությանը նվիրված միջոցառումների մասով մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարվել է»
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասով մեր առջև դրված խնդիրը լիարժեքորեն կատարվել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի փոխնախագահ Վիգեն Սարգսյանը:
«Այդ միջոցառումները, մեր գնահատմամբ, ծառայել են մեր առջև դրված հիմնական նպատակներին՝ դա միջազգային մակարդակում Հայոց ցեղասպանության իրազեկման խնդիրն էր, ցեղասպանությունների՝ որպես մարդկության դեմ հանցագործության պայքարի և դատապարտման հարցում հանրային կարծիք ձևավորելն ու մոբիլիզացնելն էր»,- ասաց նա:
Վ. Սարգսյանը առանձնացրեց նաև մի կարևոր խնդիր, որը լավագույնս արտահատվեց ոգեկոչման օրերին, դա ազգային հոգևոր միասնականության խնդիրն էր:
«Գագաթնակետն այդ առումով եղավ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում սրբադասման արարողությունը, և ոչ միայն հայ եկեղեցիների զանգերի ղողանջները ողջ աշխարհով, այլ նաև քույր եկեղեցիների զանգերի ղողանջը իրոք նախանշում էր համաքրիստոնեական հարգանքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և կարգին համամասնակից դառնալու եկեղեցիների ցանկությունը»,- ասաց նա:
Նա աննախադեպ համախմբվածության ու ոգեղենության փայլուն իրադարձություն անվանեց «System of a Down» խմբի համերգը, որը երիտասարդության ուշադրությունը գրավեց ցեղասպանության դեմ պայքարի խնդրին, ինչպես նաև ասաց, որ ապրիլի 24-ին հնարավոր դարձավ Երևանի վրա հրավիրել աշխարհի ուշադրությունը։
«Մեզ հաջողվեց Երևանը պահել միջազգային լրատվության ուշադրության կենտրոնում, ապրիլի 24-ի միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ միջազգային հեղինակավոր հեռուստաընկերությունների եթերում էր»,-ասաց նա:
Անդրադառնալով Ցեղասպանության դեմ պայքարի ֆորումին հնչած առաջարկներին՝ Վ. Սարգսյանը առանձնացրեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի կոչը, այն է, որ Հայաստանը պետք է վերցնի առաջնորդի դերակատարումը ցեղասպանությունների դեմ պայքարի գործընթացում:
Վ. Սարգսյանը ասաց, որ ապրիլքսանչորսյան միջոցառումներով չի ավարտվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը, ինչի մասին են վկայում աշխարհի շատ երկրներում ապրիլի 24-ին հաջորդած միջոցառումները:
Վիգեն Սարգսյանը ասաց, որ առաջիկա միջոցառումների շրջանակներում վաղը ՀՀ Նախագահը ԱՄՆ-ում կմասնակցի Վաշինգտոնի Մայր տաճարում կայանալիք երկու կաթողիկոսների մասնակցությամբ պատարագին, այնուհետև միջոցառումները ԱՄՆ-ում և աշխարհի շատ քաղաքներում շարունակվելու են:
Նրա խոսքով՝ մինչև տարվա վերջ այս միջոցառումները շարունակվելու են, իսկ armeniangenocide100.org կայքը շարունակելու է աշխատել նույն պարբերականությամբ:
Վիգեն Սարգսյանը վերջում հատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին, քաղաքական կուսակցություններին դրսևորած միասնականության համար: