04/05/2015 16:11
Ն. Զոհրաբյան. ԵԱՀԿ ՄԽ-ն, նման հայտարարություն անելով, դուրս եկավ իր մանդատի շրջանակներից
«Ինձ համար առնվազն հասկանալի չէր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ընտրությունների վերաբերյալ, որովհետև ՄԽ-ն, նման հայտարարություն անելով, ուղղակիորեն դուրս եկավ իր մանդատի շրջանակներից: Սա որպես գնահատական, ինչպես նաև խորհուրդ՝ մնալ բացառապես սեփական մանդատի շրջանակներում հայտարարություններ անելիս»,- մինչ ԼՂՀ-ում նախօրեին կայացած խորհրդարանական ընտրություններին գնահատական տալը Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում ևս անդրադարձել էին Արցախում սպասվող խորհրդարանական ընտրություններին: «Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ մեր երեք երկրներից ոչ մեկը, ինչպես նաև որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար մենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում ենք, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնք նպատակ ունեն հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»,- նշել են համանախագահները:
Ինչ վերաբերում է հենց ընտրություններին, ապա Ն. Զոհրաբյանը նշեց, որ հերթական անգամ ականատես եղանք, որ ԼՂՀ-ում տեղի ունեցան իսկապես ժողովրդի կամաարտահայտությունը արտահայտող ընտրություններ՝ թե մասնակցության տոկոսը, թե ընտրողների ակտիվությունը, որով ընտրողները մասնակցեցին, թե միջազգային դիտորդների գնահատականները մեկ բանի մասին են վկայում, որ Արցախում ժողովրդավարական ինստիտուտները կայացել են: Եվ տարածաշրջանի բազմաթիվ երկրներ և առաջին հերթին Ադրբեջանը, ըստ Ն. Զոհրաբյանի, շատ բան ունեն սովորելու Արցախի ժողովրդավարական կառավարման մոդելից՝ բոլոր ոլորտներում, բոլոր ինստիտուտներում: Այդ թվում նաև ընտրություններ անցկացնելու և կազմակերպելու հարցում:
«Ես շնորհավորում եմ Արցախի ժողովրդին, որ կարողացան հերթական անգամ ապացուցել, որ ունեն ինքնիշխան, ժողովրդավարական պետություն և որ իրենց համար թիվ մեկ հրամայականը դա ժողովրդի կամքն է: Այդպես պետք է լինի և մենք ինքներս, ես ուզում եմ անկեղծորեն խոստովանել, նաև ընտրություններ կազմակերպելու, անցկացնելու հարցում միգուցե շատ բան ունենք սովորելու արցախցի մեր գործընկերներից»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
Ինչպես ավելի վաղ Aysor.am-ը գրել էր՝ Արցախում խորհրդարանական ընտրություններին ընդհանուր առմամբ համամասնական ընտրակարգով առաջադրված բոլոր 7 կուսակցություններին կողմ է քվերակել 68.915 ընտրող: ընտրողներից 33.632-ը կողմ է քվեարկել «Ազատ հայրենիքին», որը կազմում է 47 տոկոս, «Ազգային վերածնունդ»՝ 3709 ընտրող՝ 5.8 տոկոս, «Ազգային ժողովրդական» կուսակցություն՝ 13.105 ընտրող՝ 19.1 տոկոս, Կոմունիստական կուսակցություն՝ 1136 ընտրող՝ 1.65 տոկոս, «Խաղաղություն և զարգացում»՝ 591 ընտրող՝ 0.86 տոկոս, ՀՅԴ՝ 12.965 ընտրող՝ 18.81, «Շարժում 88»՝ 4777 ընտրող՝ 6.93 տոկոս: