04/05/2015 11:49
Դանակահարություն՝ Նոր Արեշում. 3 անձ հոսպիտալացվել է
Մայիսի 2-ին` ժամը 22.30-ին Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Արեշի փողոցում դանակահարություն է կատարվել: ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ նույն օրը, ժամը 23.05-ին, 23.25 և 23.55 հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել, որ «ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքեր, սուր արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Արթուր Պ.-ն, «աջ հետույքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 1960 թ. ծնված Գուրգեն Մ.-ն և «գլխի աջ ճակատային շրջանի սալջարդ պատռած վերք, ծնկան հոդերի շրջանների քերծված վերքեր» ախտորոշմամբ 1952 թ. ծնված Համլետ Պ.-ն:
Համլետ Պ.-ն մայիսի 3-ին, ժամը 00.15-ին ոստիկանությանը հաղորդում է տվել, որ մայիսի 2-ին, ժամը 22.20-ին, հիշյալ փողոցում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը գարեջրի շշով հարվածել է իր գլխին` պատճառելով վնասվածք,և նույն վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել իր որդուն` Արթուր Պ.-ին ու հարևանին` Գուրգեն Մ.-ին:
Կատարվում է հետաքննություն: