04/05/2015 14:58
«Հատուկ քննչական ծառայությունը ոչ թե ուզում է քննել, այլ՝ կոծկել հանցագործությունները»
Հատուկ քննչական ծառայությունը ոչ թե ուզում է քննել, այլ կոծկել ուժային համակարգի աշխատողների կողմից կատարված հանցագործությունները: Այս մասին այսօր «Հատուկ քննչական ծառայության գործունեության գնահատականը» թեմայով քննարկմանը հայտարարեցին Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և իրավապաշտպան Արայիկ Զալյանը:
Անդրադառնալով ՀՀ քաղաքացի Ալեքսանդր Ցվերյանովի քրեական գործին՝ Ա. Սաքունցը ասաց, որ ստացվում է՝ Ա. Ցվերյանովն ինքն է գնացել, բարեխղճորեն խոստովանել այդ հանցագործությունների կատարման մեջ, և ոստիկանությունը դա հիմք է ընդունել:
Հիշեցնենք, որ Ա. Ցվերյանովի նկատմամբ 16 դրվագով գողության մեղադրանք էր առաջադրվել, սակայն դատարանը նրան արդարացրել էր:
«Ոստիկանության գործողություններում, որոնց ճնշման տակ Ա. Ցվերյանովը այդ ցուցմունքները տվել է, ՀՔԾ-ն հանցակազմ չի գտել»,-ասաց Ա. Սաքունցը` նշելով, որ 16 դրվագով արդարացված անձի դեպքում դա անտրամաբանական է, իսկ որևէ մեկի ինքնախոստովանական ցուցմունքները նրան քրեական հետապնդման ենթարկելու համար հիմք չպետք է հանդիսանային:
Անի Բոշյանի գործի վերաբերյալ էլ Ա. Զալյանը ասաց, որ տպավորություն է, որ ՀՔԾ-ն սպասելիս է եղել, որ լուրջ հանցագործության մեջ կասկածվող ոստիկանները չընդունեին իրենց մեղքը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Անի Բոշյանը մոնտաժել և համակցել է երկու կանանց լուսանկարները պոռնկագրական բնույթի լուսանկարներին և տեղադրել է odnoklassniki.ru կայքում:
Ասուլիսին ներկա էր նաև Անի Բոշյանը, ով ասաց, որ ոստիկանությունում ժամեր շարունակ ապօրինաբար պահվել է, իսկ սուտ ցուցմունքը իրեն թելադրել էին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կընկնի կանանց գաղութ:
Ա. Զալյանը ասաց, որ ոստիկանությունում կին ոստիկանները ստիպել են Անի Բոշյանին ամբողջությամբ մերկանալ, կքանստել՝ պատճառաբանելով դա նրանով, որ նախկինում եղել են դեպքեր, երբ արգելված իրեր են հայտնաբերվել, սակայն հետո ասել են, որ նա ինքնակամ է մերկացել: